Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է հավաքականի առաջիկա խաղերի մասին, անդրադարձել է նաև հայտացուցակից Խորեն Բայրամյանի բացակայությանը:
«Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Լատվիայի հավաքականի դեմ խաղ ունենք, իսկ հետո ընկերական հանդիպում ենք անցկացնելու Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ: Վստահ եմ, որ Լատվիային հաղթելը մեր ուժերի սահմաններում է: Մենք պայքարում ենք խմբից դուրս գալու համար: Տա՛ Աստված, որ այդպես էլ լինի»,- ասել է Տիկնիզյանը Metaratings-ին:
Անդրադառնալով Խորեն Բայրամյանի բացակայությանը հավաքականի հայտացուցակից՝ Տիկնիզյանն ասել է. «Չգիտեմ՝ որն է պատճառը, բայց ցավում եմ, որ այդպես է ստացվել»:
Ռուսական Sport24-ն իր հերթին կապ էր հաստատել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ՝ ճշտելու Բայրամյանի բացակայության պատճառը: Ուկրաինացի մասնագետը հրաժարվել էր մեկնաբանություն տալուց: