Logo

Տիկնիզյանի գործակալն արձագանքել է «Էմպոլիի» ու «Բոլոնիայի» կողմից հետաքրքրվածությանը

22:47 / 30.06.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է իտալական «Էմպոլիի» ու «Բոլոնիայի» կողմից 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված լինելու մասին լուրերին։

«Մենք չենք շփվել «Էմպոլիի» ու «Բոլոնիայի» ներկայացուցիչների հետ, բայց նման տեղեկատվություն ունենք։ Եվրոպա տեղափոխվելու շանսերը մեծացնում է միայն Նաիրի ցուցադրած խաղը։ Բոլորն են նշում, որ նա արժանիորեն անցկացրեց մրցաշրջանի գարնանային հատվածը։ Սահմանվել է բարձր նշաձող, որը պետք է պահպանվի։ Նաիրը լուրջ տղա է, նա շատ է կենտրոնացած այն բանի վրա, որպեսզի վերադառնա արձակուրդից ու շարունակի առաջադիմել»,- գործակալի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական ակումբների սկաուտները Նաիր Տիկնիզյանի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի նախորդ երկու հանդիպումներում։ Կարդիֆում պաշտպանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ երևանյան խաղում խփել էր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում։

Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Բոլոնիան» գրավել էր 9-րդ տեղը, իսկ «Էմպոլին» 14-րդն էր։

Ավարտված մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Ռուսական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026-ի ամառ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ