Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ թուրքերի դեմ դժվարին խաղից հետո էլ հայ ֆուտբոլիստները Խորվաթիայի թիմի դեմ պայքարելու ուժեր պահպանել են:
«Բավական լավ եմ զգում Թուրքիայի հավաքականի դեմ խաղից հետո: Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ: Լավ տրամադրությամբ ենք պատրաստվում Խորվաթիայի հավաքականի դեմ վաղվա խաղին:
Թուրքիայի դեմ խաղը բավականին սովորական էր: Իհարկե, լարվածության, էմոցիոնալ առումով առանձնահատուկ էր, բայց այն, որ երկրպագուները փորձում էին հունից հանել, ինձ համար առանձնապես որևէ դժվարություն չէր առաջացնում. ես խաղում էի այնպես, ինչպես խաղում եմ միշտ:
Խորվաթիայի հավաքականը լավագույններից է աշխարհում: Շատ ուրախ եմ, որ վաղն ինձ կարող է այնպիսի հավաքականի դեմ խաղալու հնարավորություն ընձեռվել, ինչպիսին Խորվաթիան է:
Բարդ խաղ ենք սպասում: Կարծում եմ՝ իմ կարիերայի ամենաբարդ խաղերից կարող է լինել: Խորվաթիայի հավաքականի դեմ հանդիպումները երբեք չեն կարող հեշտ լինել, քանի որ նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնք, կարելի է ասել, տիեզերական մակարդակի են:
Մենք փորձում ենք մշտապես նվիրվել ու խաղադաշտում տալ բոլոր ուժերը, սակայն անհանգստանալու կարիք չկա. Խորվաթիայի հավաքականի դեմ խաղի համար ուժեր պահպանել ենք:
Շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին, հավաքականին, մարզչական շտաբին ու ֆեդերացիային այսպիսի լավ ընդունելության համար»,- ասել է Նաիր Տիկնիզյանը:
Ասուլիսի ընթացքում Նաիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հարց է ուղղել՝ արդյոք վաղն ինքը լինելո՞ւ է մեկնարկային կազմում, ինչին ուկրաինացի մասնագետը դրական պատասխան է տվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին կընդունի սեպտեմբերի 11-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։
Դալիչ. «Հույս ունեմ՝ միասին կնվաճենք Եվրո-2024-ի ուղեգիր»
Կովաչիչ. «Հայաստանի հավաքականը շատ լավ, հարձակողական թիմ է»
Պետրակով. «Բավարարված եմ իմ ֆուտբոլիստների խաղով ու նրանց մոտեցումով»