Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի քանի թեմաների:
«Ինքնազգացողությունս լավ է։ Պորտուգալիայի դեմ խաղալը հսկայական փորձ էր։ Արդյունքը բացասական էր, բայց կարծում եմ՝ այդ խաղի մասին պետք է մոռանանք։ Վերլուծել ենք կատարվածը։
Վաղը մեր երկրի ու հավաքականի համար անչափ կարևոր խաղ կլինի։ Պատասխանատվություն ենք զգում։ Վստահ ենք, որ կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին։
Վերլուծել ենք մեր հաջորդ մրցակցին, բայց այստեղ խոսելը դրա մասին կոռեկտ չի լինի։ Մեր մեջ կմնա, թե ինչ ուժեղ և թույլ կողմեր ենք գտել մրցակցից։
Պորտուգալիայի դեմ խաղում նույնպես դրական կողմեր կային, հատկապես միջին ու ցածր գոտիներում պաշտպանվելիս։ Իհարկե, նաև շատ թերություններ կային։
Ամենակարևորը կայունությունն է։ Հուսով եմ` գլխավոր մարզիչներ այլևս չեն փոխվի ու նույն մարդու հետ կաշխատենք նվազագույնը մեկ տարի։ Վստահ եմ, որ այդ դեպքում արդյունքները միանշանակ կգան։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, որոնք ստադիոնում աջակցում էին մեզ։ Ռոնալդուն կուռք է, և սարսափելի չէ, որ որոշ երկրպագուներ նրան ծափահարել են։ Չեմ քննադատում նրանց»,- ասել է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպանը։
Մարնամասները` տեսանյութում
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։


