Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Metaratings-ի հետ հարցազրույցում խոսել է մի շարք թեմաների մասին:
- Դու ավելի վաղ հայտարարել էիր, որ ցանկանում ես խաղալ Ռուսաստանի հավաքականում: Ո՞րն էր Հայաստանի հավաքականի օգտին որոշում կայացնելու պատճառը:
- Այո, իրոք ես մի քանի անգամ նման բան ասել եմ: 2021 թվականին Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելուց հետո ես նշել էի, որ շատ եմ աշխատում և փորձում եմ հայտնվել Ռուսաստանի հավաքականում:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի երազանք՝ հայտնվելու այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է: Բայց Ռուսաստանի հավաքականում ինձ ցույց տալու հնարավորություն այդպես էլ չտրվեց, քանի որ ինձ ոչ մի անգամ չհրավիրեցին և անգամ չընդգրկեցին ընդլայնված հայտացուցակում: Նեղացած չեմ, քանի որ սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է լինել:
Ինչ-որ պահի ես հասկացա, որ պետք է որոշում կայացնել ու քայլ առաջ կատարել այժմյան պայմաններով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող էր ասել ոչ՝ պատճառաբանելով իմ երկու-երեք տարի առաջվա հարցազրույցը, սակայն նման բան չեղավ: Շատ շնորհակալ եմ Հայաստանին, հայ ժողովրդին և մասնավորապես ՀՖՖ-ին՝ հյուրընկալության համար:
- Երկա՞ր ես մտածել մարզական քաղաքացիությունը փոխելու շուրջ:
- Եթե նախկինում ես երկար էի մտածում, ապա այս անգամ ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Մենք հավաքի էինք Արաբական Միացյալ Էմիրություններում և ՀՖՖ-ն առաջարկ կատարեց: Մի օր արթնացա ու որոշեցի, որ պետք է քայլ առաջ կատարեմ:
- Հայրդ հայ է, մայրդ՝ ռուս: Ծնողներդ աջակցե՞լ են որոշումդ:
- Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ծնողներիցս ստացել եմ աջակցություն՝ անկախ կայացրած որոշումներից: Երբ ես խաղում էի Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, հայրս այդ ժամանակ նույնպես աջակցում էր ինձ:
Նա ինձ ասաց. «Տղաս, դու իրավունք ունես որոշում կայացնելու և քեզ ցանկացած պարագայում կհասկանան: Եթե ընտրես Ռուսաստանի հավաքականը, ես քեզ կհասկանամ: Դու ծնվել ես Սանկտ Պետերբուրգում, սովորել ես ռուսական դպրոցում, աշխատավարձ ստանում ես այս երկրում և քո տղան ծնվել է այստեղ, այնպես որ, հարցեր չկան: Եթե ընտրես Հայաստանի հավաքականը, ապա ես կրկին երջանիկ կլինեմ, քանի որ դա քո երկրորդ հայրենիքն է և իմը՝ նույնպես: Ես այնտեղ եմ ծնվել և այնտեղից են սերում մեր արմատները»:
Նույնն ինձ ասել է նաև մայրս, սակայն նա ավելի քիչ է հասկանում ֆուտբոլից: Նա ինձ միշտ ասել է, որ ես խելացի տղա եմ և իրավունք ունեմ որոշում կայացնելու, որ սա իմ կարիերան է և միայն ես պետք է որոշեմ»,- ասել է Տիկնիզյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում և անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ: Նա արդեն ստացել է հայկական անձնագիր և Հայաստանի հավաքականում նորամուտը կարող է նշել Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում:
Կարևոր համալրում. Ի՞նչ կտա Տիկնիզյանի ընտրությունը Հայաստանի հավաքականին