Մեկ տարվա դադարից հետո Հայաստանի հավաքականից հրավեր ստացած Բրատիսլավայի «Սլովանի» եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային թիմին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Սկալիցայի» դեմ Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղի (3-1) վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
«Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»,- ասել է Բարսեղյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի դեմ։
Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա հանդիպումներն անցկացնելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում ընդգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին և մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը:
Ֆոտո` ՀՖՖ