Հայաստանի հավաքականում նորամուտը նշած Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խոստովանել է, որ ազգային թիմում ադապտացվելու հարցում իրեն շատ են օգնել կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը:
«Սպերցյանն ու Սևիկյանն օգնել են հարմարվելու հարցում։ Նրանք ինձնից ավելի փորձառու են։ Մենք տարիքային փոքր տարբերություն ունենք, բայց նրանք ՌՊԼ-ում և միջազգային ասպարեզում խաղալու փորձ ունեն։ Բացի այն, որ նրանք շատ լավ խաղացողներ են, նաև շատ համեստ տղաներ են, լավ մարդիկ: Առաջին օրվանից երկուսն էլ օգնեցին ինձ ինտեգրվել թիմին։ Հարմարվելու հետ կապված խնդիրներ չեն եղել»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:
Հիշեցնենք, որ Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել էր չեխերի դեմ արտագնա ընկերական խաղում: Այդ խաղում 14-րդ րոպեին հաշիվը բացել էր հունգարական «Ֆերենցվարոշի» նորեկ Էդգար Սևիկյանը, որն առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում: Հայաստանի հավաքականը Պրահայի «Լետնա» ստադիոնում պարտվել էր 1-2 հաշվով:


