Logo

Տիագոյի հնարած «հիբրիդային շարժիչը». ինչպես է Մոտան փոխում «Յուվենտուսը»

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
13:00 / 26.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Երբ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պարզ դարձավ, որ Ա Սերիայում մեծ աղմուկ բարձրացրած Տիագո Մոտան գլխավորելու է «Յուվենտուսը», իտալական գրանդի տիֆոզերիան ցնծության մեջ էր:

Մրցաշրջանի մեկնարկն էլ հուսադրող էր. «Բյանկոներին» 2 խաղում 6 գոլ խփեց և «չոր» պահեց սեփական դարպասը: «Ռոմայի» և «Նապոլիի» հետ գոլազուրկ ոչ-ոքիներին երկրպագուները դրական արձագանքեցին, բայց ի՞նչ իմանային, որ այդ շարքն անեծքի է վերածվելու:

Ամեն ինչ փոխվեց չեմպիոնի դեմ մրցավեճում: «Պատանի» «Յուվենտուսն» արյունալի ճակատամարտում չհաղթեց, սակայն ձեռք բերեց հպարտություն, իսկ Մոտան ցույց տվեց, թե ինչ արագությամբ է սովորում անտառում գոյատևելու նուրբ արվեստը:

Թրիլերային սցենարով ավարտված հանդիպումը շրջադարձային չեղավ «Ծեր սինյորայի» համար: Թուրինցիների ցուցադրած խաղն առաջին հայացքից ամերիկյան կարուսել էր հիշեցնում, սակայն գործընթացն արդեն սկսվել էր:

ՄՈՏԱՅԻ ՀՆԱՐԱԾ «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՇԱՐԺԻՉԸ»

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը, վերջին տարիների համեմատ, ավելի հետաքրքիր է: Թիմերն սկսել են ավելի արագ խաղալ, երիտասարդ և հեռանկարային մարզիչներն էլ կռիվ են տալիս հին գվարդիայի հետ ու ընթացքում փորձում են գահընկեց անել կայսերական գահին բազմած Սիմոնե Ինձագիին:

Տիագո Մոտան այլ ճանապարհով է շարժվում: Նորաթուխ «Յուվենտինին» բոլորովին այլ մոդել է ստեղծել: Ալենատորեն համակարգային ֆուտբոլը միքսել է առաջին հայացքից քաոսային թվացող խաղի հետ: Արհեստական քաոսում անչափ կարևոր է ֆուտբոլիստների անդադար շարժումը: Այս հիբրիդը բարդ մոդել է, այն ստանալու համար հարկավոր են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու են ամբողջ խաղի ընթացքում պահպանելու բարձր տեմպը:

«Ամեն ինչ կփչանա, եթե ինչ որ մեկը կանգ առնի կամ չպահպանի ռիթմը...»

Տիագո Մոտայի այս միտքը վերծանելու համար հարկավոր է ուշադիր հետևել «Յուվեի» էվոլյուցիային:

«Զեբրերը» խաղը կառուցում են կենտրոնում: Խաղադաշտի այդ հատվածում առանցքային դեր ունի Մանուել Լոկատելին, որն ուղեղային կենտրոնն է ղեկավարում, բայց նույնիսկ նա է անընդհատ շարժի մեջ:

Թիմի գլխավոր սանիտարի դերը մարզիչը հանձնել է Կեֆրեն Թյուրամին: Ֆրանսիացին վնասազերծում է զարգացող վտանգը, իսկ պաշտպանությունից հարձակման անցման փուլում օգնում են եզրերը:

Արագաշարժ և հարուստ տեխնիկական զինանոց ունեցող Յիլդիզի ու Կոնսեյսաուի հիմնական զենքը կրեատիվությունն է: Երիտասարդները ոչ ստանդարտ գործողություններով սրում են խաղը եզրերում և ճանապարհ են բացում դեպի տուգանային հրապարակ:

Ամերիկյան դեսանտն էլ հիանալի է զգում Մոտայի փիլիսոփայությունը: Թիմոտի Վեան յուրատեսակ ջոկեր է ծառայում, իսկ Վեսթոն Մակքենիի «911 ծառայությունը» գործողությունների լայն շառավիղ ունի՝ պաշտպանության յուրաքանչյուր գոտուց մինչև «կեղծ 9 համարի» դիրք:

Սամու Մբանգուլան, Անդրեա Կամբիասոն, Նիկոլո Ֆաջոլին նույնպես դուրս չեն մնում անսամբլից: Այս տղաներն ավելի շատ են նստում պահեստային նստարանին, բայց կենդանի օրգանիզմի մի մասն են:

Առանձին թեմա է Դուշան Վլախովիչը: Սերբի՝ չափից ավելի տաքարյուն խառնվածքը հաճախ խանգարում է: Ավելորդ հուզականությունը թույլ չի տալիս Վլախովիչին թեթև զգալ դաշտում: Նա դեռևս չի թոթափել «Յուվենտուսում» խաղալու ծանր բեռը, սակայն Մոտան այդ ուղղությամբ նույնպես աշխատում է:

Կադրային կատակլիզմի ժամանակ հստակ երևաց Մոտայի ներուժը, նա պատճառներ չփնտրեց, շարունակեց ալտերնատիվ տարբերակների որոնումը, իսկ թիմը խաղային անկում չունեցավ:

Տիագոյի հնարած «հիբրիդային շարժիչը» դուր է եկել «Ֆիատի» տոհմական սեփականատերերին, որոնք հավակնոտ մասնագետին առայժմ տալիս են այդքան անհրաժեշտ ժամանակը:

«ՍԻՆՅՈՐԱՅԻ» ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ

«Յուվենտուսն» այս պահին Ա Սերիայում գնդակին ամենաշատ տիրող թիմն է, բայց այստեղ է թաքնված «Սինյորայի» Աքիլեսյան գարշապարը: Գնդակին շատ տիրելը հաջողության գրավական չէ, ֆուտբոլիստները հաճախ այնքան են տարվում իրենց գծած սցենարով, որ չեն զգում, թե ինչպես են ձեռքից բաց թողնում արդյունքը: Հենց այստեղից է գալիս ոչ-ոքիների սինդրոմը:

«Բյանկոներին» քիչ է հարվածում: Սա նույնպես մարզչական ցուցում է: Մոտան նախընտրում է որակյալ հարվածները, ոչ թե շեշտը դնում է հարվածների քանակի վրա: Վաղ թե ուշ սա նույնպես կհղկվի և կտա իր արդյունքը:

Նրա դավանած ֆուտբոլը շատ են համեմատում Մաքս Ալեգրիի ֆուտբոլի հետ, բայց սրանք բոլորովին այլ մոդելներ են:

Հնարավոր է՝ «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանում կրկին մնա առանց տիտղոսի, բայց այս նախագիծը միտված է ապագային, իսկ ճարտարապետը միգուցե նաև ժամանակից առաջ է ընկել:

Խենթ մտքերով, արիստոկրատ պահվածքով, բայց նաև հարավամերիկյան տաքարյուն խառնվածքով նորաթուխ վարպետը հավատում է իր պատմությանը:

Կրակի միջով անցած գրանդն էլ փորձում է նոր կյանք սկսել՝ պահպանելով անցյալը, բայց գնահատելով ներկան:

Այս սագայում Մոտան չի ցանկանում լինել հերթականը, նա արդեն «անցել է Ռուբիկոնը»: 

Alĕa iacta est...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ