Թուրքիայի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը խոսել է Հայաստանի և Խորվաթիայի թիմերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումների մասին:
«Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները տարբեր խաղամակարդակի թիմեր են, և մենք յուրաքանչյուրի դեմ պատրաստվում ենք համապատասխանաբար: Վերջին շրջանում մի շարք խաղացողների հետ ունեցել եմ առանձնազրույցներ, որոնք, հույս ունեմ, օգտակար կլինեն: Հիմնական շեշտարդումը պետք է կատարենք անթերի մարզական հավաք անցկացնելու վրա: Որքան հուսալի լինի մեր աշխատանքը, այնքան քիչ խնդիրների կհանդիպենք:
Տարբեր հարցեր եմ ուսումնասիրել վերջին շրջանում. միջազգային խնդիրները Հայաստանի հետ, այն, որ ավերիչ երկրաշարժը բացասական ազդեցություն է գործել խաղացողների վրա, Ռամադանը, որը համընկնում է մարզական հավաքի հետ: Փորձելու ենք այնպես անել, որ այս ամենը չազդի հավաքականի ելույթների վրա»- գերմանացի մասնագետը խոսքը մեջբերում է Turkey Posts-ը:
Հիշեցնենք, որ Շտեֆան Կունցը 2021 թվականից է աշխատում Թուրքիայի հավաքականում։ Դրանից առաջ 60-ամյա մարզիչը 5 տարի գլխավորել է Գերմանիայի երիտասարդական հավաքականը։
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում թուրքերի դեմ խաղով կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական փուլում: Երեք օր անց Թուրքիայի հավաքականը կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր խորվաթներին, իսկ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։
Թուրքիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Խորվաթիայի դեմ խաղերի համար