Logo

Թուրինյան դավադրություն. ո՞վ զոհաբերեց Տիագո Մոտային

Հեղինակ
Էռնեստ Շաբոյան
01:40 / 13.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

"Fino alla fine". (Մինչև վերջ)

Այս կարգախոսը դարեր շարունակ ուղեկցել է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբին: Եվ ինչու միայն ակումբին. այս կարգախոսով ապրել և հպարտացել են տիֆոզերիայի տարբեր սերունդներ, որոնք միշտ ունեցել են իրենց հերոսները:

Ներքին հեղաշրջումից հետո թուրինյան խոհանոցում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան: Ջանի Անյելիի ժառանգորդ Ջոն Էլկանը գահընկեց արեց Անդրեա Անյելիին և իր կայսրության սահմանների մեջ ընդգրկեց նաև հզոր «Յուվենտուսը»:

Դարեր շարունակ թուրինյան այս հպարտ թագավորությունը ոչ միայն պահպանում էր անկախությունը, այլ նաև իտալական ֆուտբոլի դրոշակակիրն էր Եվրոպայում, սակայն Թուրինն ընկավ ամերիկյան կոնկիստադորների հերթական արշավանքից հետո, ընկավ, որովհետև կորցրեց Անյելիների տոհմի ավանդույթները պահպանող Անդրեային:

Ջոն Էլկանը, որը գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է ԱՄՆ-ում, բոլորովին այլ մշակույթի կրող է՝ այլ բիզնես մտածելակերպով, այլ բարոյական նորմերով:

Թագադրվելուց հետո երիտասարդ միլիարդատերը բախվեց լուրջ խնդրի. «Յուվեի» արքունիքը դատարկ էր: Անյելիի հետ հեռացել էր ազնվական դասը:

Հարկավոր էր նոր համակարգ կառուցել, բայց՝ հավատարիմ մարդկանցից, իսկ այդ մարդիկ, պարզվեց, ֆուտբոլային մտածելակերպ չունեն. նրանք դասական գործարարներ են:

Դա դեռ ոչինչ, բայց ամենաառանցքային մարդը. ո՞վ էր լինելու նոր մարզական տնօրենը, որի ուսերին էր դրվելու նոր համակարգ կառուցելու բարդ առաքելությունը:

Լուրը եկավ հարավից: «Նապոլիի» երկար տարիների սպորտային տնօրենը «կրոնափոխ» եղավ:

Հանկարծ պարզվեց, որ Կրիստիանո Ջունտոլին մանկուց «Յուվենտինի» է, սակայն քողարկվել է ըմբոստ նեապոլցիների ճամբարում:

Ավելի լավ թեկնածու դժվար էր գտնելը: Ջունտոլին ճիշտ ժամանակ հայտնվեց ճիշտ տեղում, ստացավ իր քարտ բլանշը և գործի անցավ:

Թիրախում հայտնվեց նախորդ մրցաշրջանում մեծ աղմուկ բարձրացրած Տիագո Մոտան:

Երիտասարդ մարզիչը երկար չմտածեց առաջարկի շուրջ: Նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում:

Մոտան ընդունեց մարտահրավերը, Ջունտոլին էլ սկսեց կոմպլեկտավորման գործընթացը:

Բայց խորամանկ ֆունկցիոներն անմիջապես ապահովագրեց իրեն՝ հայտարարելով, որ մրցաշրջանի գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգայի գոտում տեղ գրավելն է:

Նման քայլով Կրիստիանոն շահեց նաև Մոտայի վստահությունը. նա առաջին հայացքից մեծ բեռ վերցրեց երիտասարդ մարզչի ուսերից, բայց մարտի դաշտում նրան թողեց մենակ:

Բրազիլական արմատներով իտալացին, որը «Բոլոնիայի» գլխավոր աստղն էր, այդպես էլ չհասկացավ, թե ուր է եկել, իսկ բարձր նկրտումներն ու բոլորին ամեն ինչ ապացուցելու մոլուցքը չար կատակ խաղացին իրականում անփորձ զորավարի հետ:

Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, բայց կատարելագործվելու, միգուցե չափից ավելի իմաստուն երևալու ձգտումը տանջում էին Տիագոյին:

Ջունտոլին մրցաշրջանի ընթացքում 200 միլիոն եվրո թողեց տրանսֆերային շուկայում:

«Բյանկոներին» ձեռք բերեց երիտասարդ և հեռանկարային մի շարք ֆուտբոլիստների, բաց այդ քողի տակ Ջունտոլին (միգուցե Էլկանի ցուցումով) սկսեց ազատվել Անդրեա Անյելիի թողած ժառանգությունից:

Ժամանակն էր քանդելու «Յուվենտուսին» թարմ արյուն մատակարարող կառույցը:

Անդրեայի Next Gen-ն այնքան հաջողված նախագիծ էր, որ այդ մոդելը սկսեցին կիրառել Ա Սերիայի շատ ակումբներ, իսկ «Յուվեի» նոր տերերը որոշեցին, որ այլ ճանապարհով են գնալու:

Սև-սպիտակ ԴՆԹ ունեցող ֆուտբոլիստներն այլևս պետք չէին: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին տրանսֆերային շուկայում:

Իշխանությունն աստիճանաբար ամրապնդող Ջունտոլին ավելի հեռուն գնաց: Նա սուրբ մասունքի պես պահված «10» համարը, որից անգամ հրաժարվել էր Պաուլո Դիբալան, հանձնեց Քենան Յիլդիզին:

Հիմա հիշեք, թե Յիլդիզի նման քանի ֆուտբոլիստ է տվել Next Gen-ը:

Նիկոլո Ֆաջոլին, Ֆաբիո Միրետին, Մատիաս Սոուլեն, (որին զոհաբերեցին հանուն նույն Յիլդիզի), Հանս Նիկոլուսի Կավիլյան, Դին Հյոյսենը և Մոյզե Քինն արտաքսվեցին:

Բայց սա էլ դեռ վերջը չէր. Յիլդիզի շնորհանդեսն այնպիսի մեծ շուքով տոնեցին, որ ակամայից հիշեցի Կրիշտիանու Ռոնալդուին:

Առաքելության առաջին փուլն իրագործված էր: Ջունտոլին քանդեց համակարգը, արմատախիլ արեց դարբնոցը և դարձավ «գորշ կարդինալ»:

Նույն Մոտան արդեն կախում ուներ նրանից, Էլկանն էլ իշխանությունը վստահել էր գլխավոր վեզիրին և շարունակում էր վայելել Ֆորմուլա 1-ը:

Մոտայի մասին չեմ խոսելու, որովհետև խնդիրը համակարգային է: Տիագոն իր թերություններն ուներ, բայց նա մտածող մարզիչ էր: Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում այս մասնագետը կստանար իր պատկերացրած մոդելը: Ի դեպ, ժամանակի մասին...

Ալենատորեն իրեն այնքան վստահ էր զգում, որ նույնիսկ ուշադրություն չէր դարձնում քննադատություններին: Անգամ «Ֆիորենտինային» և «Ատալանտային» պարտվելուց հետո Մոտան վստահ էր, որ ստանալու է այդքան անհրաժեշտ ժամանակը: Չէ՞ որ նրան խոստացել էին չխանգարել վերակառուցման փուլում և պահանջել էին ընդամենը տեղ լավագույն քառյակում:

Նախորդ տարի Exor ընտանեկան հոլդինգի բաժնետերերին հղած ուղերձում Էլկանը գովեստի խոսքեր էր շռայլել Կրիստիանո Ջունտոլիի հասցեին:

Այս անգամ Ջոնը, բացի կարևոր ակտիվներ համարվող Stellantis և  Ferrari ընկերություններից, հիշել էր ավելի պակաս կարևորություն ունեցող CNH-ին, Philips-ին և Clarivate-ին, իսկ «Յուվենտուսի» կամ Ջունտոլիի մասին՝ ոչ մի խոսք:

Այս ահազանգից հետո Ջունտոլին գտավ քավության նոխազին.

«Ես ամաչում եմ, որ քեզ եմ ընտրել»,- ասաց «կարդինալը» հեռախոսով և գործադիր տնօրեն Մաուրիցիո Սկանավինոյի հետ հանդիպման ժամանակ զոհաբերեց իր ընտրած զորավարին:

Պաշտոնանկության մասին լուրը Մոտան լսեց պորտուգալական Կաշկայշ քաղաքում, որտեղ հանգստանում էր ընտանիքի հետ: Այդ քաղաքում վերջին օրերն անցկացրել էր նաև Իտալիայի վերջին թագավոր Ումբերտո Երկրորդը, որին ժամանակին արտաքսել էին հանրապետական ուժերը:

Ջունտոլին ձիով քայլ կատարեց, բայց հայտնվեց ավելի բարդ վիճակում: Այժմ հենց նա է սեփականտիրոջ գլխավոր թիրախը:

Եթե «Յուվեն» մրցաշրջանը չավարտեց լավագույն քառյակում, ապա Կրիստիանոն կհայտնվի իր իսկ մշակած գելյոտինի տակ, իսկ եթե խնդիրը լուծվի, ապա բոլորը կասեն, որ Տուդորը փրկեց, ու կմոռանան Մոտային:

Սակայն ամռանը Թուրինում կառուցվածքային փոփոխություններ են սպասում:

Առաջին պլան են մղվելու թիմի լեգենդ Ջորջիո Կյելինին, որն այժմ աշխատում է նույն Սկանավինոյի հետ, և Ֆրանչեսկո Կալվոն, որն այժմ զբաղեցնում է ֆուտբոլի զարգացման և շահույթի գծով տնօրենի պաշտոնը:

Էլկանը հասկանում է, որ «Յուվենտուսն» իտալական ֆուտբոլի ամենակարևոր և երկարատև նախագիծն է, իսկ նման ժառանգության հետ պետք է զգույշ լինել:

Նախորդ տարի Կալվոն մի առիթով ասաց. «Մենք իտալական «Մանչեսթեր Յունայթեդն» ենք»:

Տա՛ Աստված, որ այդպես չլինի, որովհետև կարմիր կայսրությունից փլատակներ են մնացել, իսկ Ջանի Անյելիի ամենասիրած «զավակը» անչափ թանկ է երկրպագուների համար: Տիֆոզերիան գիտի, թե ինչ է նշանակում պատասխանատվությունը:

Տուդորը կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը: Նրա գլխավորությամբ թիմն Ա Սերիայի 3 խաղում 2 հաղթանակ է տարել, 1 ոչ-ոքի գրանցել: Եթե ամեն ինչ հաջողվի, ապա նրա հետ պայմանագիր կստորագրեն, սակայն հեղինակավոր վերլուծաբաններից շատերն արդեն պնդում են, որ խորվաթը Ջունտոլիի հերթական զոհն է լինելու:

«Յուվեի» նախկին ֆուտբոլիստ Մասիմո Մաուրոն օրերս հայտարարեց, որ Ջունտոլին չափից ավելի շատ իշխանություն ունի: Դա իսկապես այդպես է, բայց չմոռանանք, որ հաճախ իշխանությունը կործանում է իրականությունից կտրվածներին:

"Juve, Storia di un grande amore"

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ