Logo

Թոփ-5 ամենաերկար հաղթական շարքերը Ֆորմուլա 1-ում

Հեղինակ
Հակոբ Գևորգյան
19:15 / 31.01.2025Ֆորմուլա 1
null

Ինչպես ցանկացած մարզաձևում, ավտոսպորտում նույնպես սերնդափոխությունը տրամաբանական երևույթ է։ Լեգենդները հեռանում են, իսկ նրանց փոխարինում են երիտասարդներ, որոնք լեգենդ դառնալու հսկայական ձգտում ունեն։ Ֆորմուլա 1-ում, օրինակ, տարբեր սերունդներ ունեցել են իրենց հերոսները, բայց նրանց շրջանում էլ կան մարդիկ, որոնք անջնջելի հետք են թողել արքայական ավտոսպորտում։ Բարդ է մոռանալ այն մարդկանց, որոնք գրանցում են ռեկորդներ սերունդների համար։

FastNews-ն առաջարկում է վերհիշել արքայական ավտոսպորտի պատմության մեջ 5 ամենաերկար հաղթական շարքերը։

Մաքս Ֆերստապեն՝ 10 անընդմեջ հաղթանակ 2023-ին, 9-ը՝ 2023-24-ին

Ֆորմուլա 1-ի վերջին մի քանի մրցաշրջանները նշանավորվում են «Ռեդ Բուլի» ու Մաքսի գերիշխանությամբ, մասնավորապես խոսքը 2023 թվականի մասին է։ Այդ տարի արքայական ավտոսպորտի օրացույցը ներառում էր 22 Գրան պրի, որոնցից 19-ը հաղթել է Մաքսը։ Նրա շարքը սկսվել է Մայամիի Գրան պրիում և ձգվել մինչև Իտալիայի մրցափուլը ներառյալ։ Մեծամասամբ հենց Մաքսի շարքի շնորհիվ «Ռեդ Բուլին» էլ պատկանում է թիմերի շրջանում ամենաերկար հաղթական շարքը՝ 15 Գրան պրի։ Մրցաշրջանի սկզբի այն երկու էտապներում, որոնցում Մաքսը չի հաղթել, լավագույնը եղել է նրա թիմակից Սերխիո Պերեսը։ Մաքսի հաղթական շարքն ընդհատել է «Ֆերարիի» պիլոտ Կառլոս Սայնսը՝ Սինգապուրում տարած հաղթանակով։

Մինչև այս շարքը Ֆերստապենը մեկ անգամ էլ շատ մոտ է եղել ռեկորդին, բայց այդ դեպքում կրկնել է Սեբաստիան Ֆետելի արդյունքը։ Խոսքը նույն՝ 2023 թվականի շարունակության մասին է։ Սինգապուրում Կառլոսի հաղթանակից հետո Մաքսը վերադարձավ առաջին հորիզոնական Ճապոնիայում ու պահպանեց դիրքը մրցաշրջանի մյուս բոլոր Գրան պրիներում։ Այդպիսով՝ նիդերլանդցին մեկ մրցաշրջանում 2 անգամ 7 անընդմեջ հաղթանակ է գրանցել։ Հետագայում այս շարքը Ֆերստապենը երկարաձգեց՝ 2024-ի առաջին երկու Գրան պրիները հաղթելով։ Բայց ռեկորդը գերազանցել նրան թույլ չտվեց նույն Կառլոս Սայնսը, որը հաղթեց հաջորդ՝ Ավստրալիայի Գրան պրին։

Սեբաստիան Ֆետել՝ 9 անընդմեջ հաղթանակ 2013-ին

Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենաերկար հաղթական շարքի ռեկորդը պահպանել է 10 տարի: Ֆետելը գերիշխել է իր չորրորդ և վերջին չեմպիոնական տարվա երկրորդ կեսում՝ հաղթելով բոլոր ինը մրցավազքերն ամառային ընդմիջումից հետո: Օգոստոսից մինչև նոյեմբեր, Բելգիայից մինչև Բրազիլիա Սեբն անհասանելի էր բոլոր մրցակիցների համար։ Նա չեմպիոնական տիտղոսն ապահովել է Հնդկաստանում՝ մրցաշրջանի ավարտից 3 Գրան պրի առաջ։ 2013-ի մրցաշրջանը գերմանացին ավարտել է 9 անընդմեջ հաղթանակով, իսկ հետո այլևս չի կարողացել հաղթել «Ռեդ Բուլի» կազմում։ Հաջորդ մրցաշրջանում «Ցլերն» արդեն կորցրին ակնհայտ դոմինանտությունը, Սեբ էլ որոշեց գնալ «Ֆերարի»։

Ալբերտո Ասկարի՝ 7 անընդմեջ հաղթանակ 1952-53 թվականներին

Ալբերտո Ասկարիի՝ Ֆորմուլա 1-ում անընդմեջ հաղթանակների ռեկորդը ամենաերկար պահպանվածն է՝ ավելի քան 60 տարի։ Ասկարին աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը նվաճել է՝ հաղթելով 1952 թվականի մրցաշրջանի 8 Գրան պրիներից վերջին 6-ը։ «Ֆերարիի» պիլոտը հաղթական շարքը հասցրել է 7-ի՝ հաղթելով 1963 թվականի առաջին՝ Արգենտինայի Գրան պրին։

Ասկարիի հաղթարշավն ընդհատվել է 1953 թվականին՝ Ինդիանապոլիս 500-ում, որն այդ տարի ներառված էր արքայական ավտոսպորտի օրացույցում, բայց հաշվարկային Գրան պրի չէր համարվում։ Այդպիսով՝ Ալբերտո Ասկարին ներկայացված է եղել Գրան պրիում, բայց ֆիզիկապես դրան չի մասնակցել։

Կարելի է պնդել, որ Ասկարիի հաղթական շարքն իրականում ոչ թե 7, այլ 9 անընդմեջ Գրան պրի է, քանի որ Ինդի 500-ին հաջորդած երկու 2 մրցավազքերում՝ Նիդերլանդներում ու Բելգիայում ևս հաղթել է Ասկարին: Բայց մյուս կողմից էլ նրա ռեկորդը տարակարծություններ է առաջացրել, քանի որ Ֆորմուլա 1-ի 1952-1953 թվականների մրցաշրջաններն անցկացվել են Ֆորմուլա 2-ի կանոններով:

Միխայել Շումախեր՝ 7 անընդմեջ հաղթանակ 2004-ին

Ահա և այն անձնավորությունը, որը հավասարվեց, բայց այդպես էլ չշրջանցեց Ասկարիին։ 2004-ի մրցաշրջանի օրացույցը ներառում էր 13 Գրան պրի, «Կարմիր բարոնը» հաղթել  է դրանցից 12-ը։ Բացառություն էր միայն Մոնակոյի Գրան պրին, որտեղ Շումին բախվեց Խուան Պալո Մոնտոյայի բոլիդին, հավելյալ փիտ-ստոպ ունեցավ, ժամանակ կորցրեց ու հաղթանակը զիջեց Կիմի Ռայկոնենին։ Դրանից հետո աշխարհի 7-ակի չեմպիոնը 7 անընդմեջ հաղթանակ տարավ՝ Եվրոպայի Գրան պրիից մինչև Հունգարիայի մրցափուլ։  Այդ տարի Շումին նվաճեց ռեկորդային՝ 7-րդ չեմպիոնական տիտղոսը։ Հաջորդ երկու մրցաշրջաններում ևս նա հաղթանակներ ունեցավ, բայց երկու դեպքում էլ երիտասարդ Ֆեռնանդո Ալոնսոն հաղթեց Շումախերին չեմպիոնական պայքարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա