Logo

Թոփ-10. Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:49 / 08.02.2025Հոդվածներ
Բացառիկ
null

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունների անցկացման 33-ամյա պատմության ընթացքում ընդամենը 10 ֆուտբոլիստի է հաջողվել հատել 100 գոլի սահմանագիծը: Գործող ֆուտբոլիստներից այդ ցուցանիշին առավել մոտ է «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն         , որի հաշվին ներկայումս 76 գոլ է գրանցված: Բարձր արդյունավետությունը պահպանելու դեպքում 32-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կարող է հաղթահարել երանելի բարձունքը:

FastNews-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների 10 լավագույն ռմբարկուներին:

1.Արսեն Ավետիսյան - 197 գոլ

«Փյունիկ» (1992-1998, 2006-2007թթ.) - 154, «Արարատ» (1999թ.) - 12, «Զվարթնոց» Երևան (2000թ.) - 5, «Գանձասար» (2008-2011թթ.) - 26:

ՀՀ առաջնությունների և «Փյունիկի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն աչքի էր ընկնում իր արագաշարժությամբ և գոլային յուրօրինակ հոտառությամբ՝ հաջողությամբ եզրափակելով խաղընկերների ձեռնարկած գրոհները: Պատահական չէ, որ Արսեն Ավետիսյանը 3 անգամ ճանաչվել է ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու՝ 1994թ.՝ 39 գոլ (26 խաղում), 1995թ.՝ 12(10), 1996/97թթ.՝ 24 (21): Ընդ որում 1994թ. նրա ցույց տված արդյունքը լավագույնն էր եվրոպական երկրների առաջնություններում այդ մրցաշրջանում:

ՀՀ առաջնություններում հենց Արսեն Ավետիսյանին է առաջինը հաջողվել հատել 100 գոլի սահմանագիծը: Դա տեղի է ունեցել 1996թ. օգոստոսի 12-ին «Հրազդանում» կայացած «Փյունիկ»-«Զանգեզուր» հանդիպման (8-0) 85-րդ րոպեին, երբ Արսենը խոցել է Արմեն Միրզոյանի պաշտպանած դարպասը՝ խփելով այդ խաղում իր 3-րդ գնդակը:

Արսեն Ավետիսյանը 5 տարի բացակայեց Հայաստանից՝ հանդես գալով Ռուսաստանի 2-րդ լիգայի առաջնության մասնակից Սոչիի և Բուդյոնովսկի «Ժեմչուժինա» թիմերում ու Պյատիգորսկի «Մաշուկում»՝ ընդհանուր առմամբ դառնալով 52 գոլի հեղինակ: Այլապես նա ՀՀ առաջնություններում հատած կլիներ 200 գոլի սահմանագիծը:

2006թ. վերադառնալով հարազատ կոլեկտիվ, 33-ամյա Ավետիսյանն առաջնության 26 հանդիպումներում խփած 15 գնդակով դարձավ «Փյունիկի» լավագույն ռմբարկուն: «Գանձասարի» կազմում էլ նա աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 2 անգամ ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու (2009թ.՝ 14 գոլ, 2011թ.՝ 5): Արսեն Ավետիսյանը ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանի» կազմում մինչ օրս գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 37 տարեկան 302 օրական:

Արսեն Ավետիսյանին են պատկանում 21 (39 գոլ) և 38 (5 գոլ՝ Խորեն Հովհաննիսյանի հետ) տարեկանների արդյունավետության տարիքային ռեկորդները:

2.Արթուր Քոչարյան  - 140 գոլ

«Մալաթիա» (1992թ.) - 23, «Արարատ» (1993-1996/97թթ.) - 37, «Զվարթնոց» Երևան (1999թ.) - 11, «Միկա» (2000թ.) - 2, «Փյունիկ» (2001թ.) - 5, «Սպարտակ» (2002թ.) - 3, «Կոտայք» (2003թ.) - 7, «Գանձասար» (2006-2007, 2010-2011թթ.) - 34, «Ուլիս» (2008-2009, 2012/13թթ.) -18:

Ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած Արթուր Քոչարյանը, որն իր արագաշարժության ու տեխնիկական վարպետության շնորհիվ բազում տհաճություններ էր պարգևում մրցակիցների պաշտպաններին ու դարպասապահներին, ՀՀ առաջնությունների պատմության ամենատարեց լավագույն ռմբարկուն է: 2009թ. «Ուլիսի» 35-ամյա հարձակվողը 26 խաղում խփած 15 գնդակով արժանացել է «Ոսկե խաղակոշիկին»: Այդ տարիքում ֆուտբոլիստներից ոչ մեկին հետագայում չի հաջողվել նույնիսկ կրկնել Քոչարյանի արդյունքը:

Իսկ արդյունավետության անձնական ռեկորդը Քոչարյանը սահմանել էր 1992թ. անցկացված ՀՀ անդրանիկ առաջնությունում՝ 32 խաղում խփած 23 գնդակով դառնալով «Մալաթիայի» լավագույն ռմբարկուն: Ի դեպ, 18-ամյա Քոչարյանի գրանցած այդ ցուցանիշն արդյունավետության տարիքային ռեկորդ է, որը մինչև օրս անգերազանցելի է մնացել:

Արթուր Քոչարյանը կրելով Բարձրագույն խմբի 9 ակումբների մարզաշապիկները, բոլորում էլ դարձել է գոլի հեղինակ: Նա 34 գնդակով «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն էր և միայն հետագայում Գեղամ Հարությունյանին հաջողվեց գերազանցել նրա ցուցանիշը:

Տարբեր մրցաշրջաններում Քոչարյանը դարձել է իր թիմի լավագույն ռմբարկուն («Ուլիսի» և «Մալաթիայի» մասին արդեն նշել ենք): 3 անգամ նա ամենաարդյունավետն է եղել «Գանձասար-Կապանի» կազմում (2006թ.՝ 15 գոլ, 2007, 2010թթ.՝ 8-ական), 2 անգամ՝ «Արարատում» (1995/96թթ.՝ 11, 1996/97թթ.՝ 7, Արամ Ոսկանյանի հետ), մեկական անգամ էլ ճանաչվել է Երևանի «Զվարթնոցի» (1999թ.՝ 11 գոլ) և Աբովյանի «Կոտայքի» (2003թ.՝ 7) լավագույն ռմբարկուն:

Ֆուտբոլային կարիերան Քոչարյանն ավարտել է 2012թ. «Ուլիսում» 37 տարեկան 256 օրականում՝ դառնալով ՀՀ առաջնություններում թիմի կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը:

3.Արա Հակոբյան - 131 գոլ

«Դվին» (1997-1999թթ.) - 25, «Արաքս» Արարատ (1999-2000թթ.) - 23, «Սպարտակ» (2001-2002թթ.) - 21, «Բանանց» (2003, 2007թթ.) - 49, «Միկա» (2009թ.) - 7, «Ուլիս» (2010թ.) - 2, «Արարատ» (2011-12/13թթ.) - 4:

Արագաշարժությամբ և դրիբլինգով աչքի ընկնող Արա Հակոբյանը 2003թ. ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդ սահմանեց՝ «Բանանցում» անցկացրած 24 խաղում դառնալով 45 գոլի հեղինակ: Այդ արդյունքը նաև լավագույնն էր եվրոպական երկրների 2003թ. առաջնություններում: Առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում Արան դաշտից չհեռացավ առանց գոլի՝ ընդհանուր առմամբ իր հաշվին գրանցելով 24 գոլ: Այդ ընթացքում նա 4 խաղ անընդմեջ իր օգտին 3 և ավելի գոլ գրանցեց (3 հեթ-տրիկ, մեկ պոկեր): Իսկ ընդհանուր առմամբ Հակոբյանը 2003թ. առաջնությունում մեկական անգամ դարձավ 5 և 4 գոլերի հեղինակ, 7 անգամ էլ իր օգտին հեթ-տրիկ գրանցեց:

Մինչև այդ, Արա Հակոբյանն արդեն 2 անգամ արժանացել էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին (1998թ. «Դվինում»՝ 20 գոլ, 2000թ. Արարատի «Արաքսում»՝ 21), 2002թ. էլ 21 գնդակով դարձել էր ամենաարդյունավետը «Սպարտակում»:

Արա Հակոբյանն արդյունավետության տարիքային երկու ռեկորդների հեղինակ է: Նրան են պատկանում 20 (21 գոլ) և 23 (45 գոլ) տարեկանների ռեկորդային ցուցանիշները:

4.Արթուր Պետրոսյան - 125 գոլ

«Շիրակ» (1992-2000թթ.) -125:

Արթուր Պետրոսյանը միակն է թոփ-10-ում, որ Հայաստանում իր կարիերան անցկացրել է միայն մեկ թիմում՝ հարազատ Գյումրիի «Շիրակում»: Տեխնիկապես և ֆիզիկապես լավ պատրաստված, հուժկու հարվածների տիրապետող Պետրոսյանը հաջողությամբ էր համատեղում թիմի գրոհների կազմակերպչի և ռմբարկուի պարտականությունները:

Թեև Արթուրն ընդամենը 9 մրցաշրջան հանդես եկավ «Շիրակում», սակայն նրա արդյունավետության ռեկորդային ցուցանիշը դժվար թե երբևէ գերազանցվի: Ընդ որում նա բոլոր առաջնություններում էլ 10-ից ավելի գոլերի հեղինակ է դարձել:

Արթուր Պետրոսյանը 1997թ. առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 17 խաղում խփելով 18 գոլ: Եվս 3 անգամ նա դարձել է «Շիրակի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստը (1994թ.՝ 15 գոլ, 1996/97թթ.՝ 11, 2000թ.՝ 15):

5.Տիգրան Եսայան - 125 գոլ

«Զորավան» (1992թ.) - 8, «Զվարթնոց» Էջմիածին (1993թ.) -17, «Կոտայք-2» (1995թ.) -5, «Երևան» (1995/96-1999թթ.) - 56, «Արարատ» (2000-2001, 2006թթ.) - 22, «Բանանց» (2002, 2004թթ.) -15, «Լեռնային Արցախ» (2005թ.) - 2:

Տիգրան Եսայանի գլխավոր զենքն արագությունն էր, որի շնորհիվ նրան հաճախ էր հաջողվում հետևում թողնել իրեն հսկող պաշտպաններին ու մեն-մենակ հայտնվել դարպասապահների դիմաց: Բոլոր 7 թիմերում էլ Եսայանը գոլի հեղինակ է դարձել, իսկ առավել արդյունավետ է գործել «Երևանում»՝  հանդիսանալով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

Ամենաբարձր արդյունավետությամբ նա աչքի է ընկել 1995/96թթ. առաջնությունում՝ «Երևանում» անցկացրած 22 խաղում խփելով 20 գոլ: Դա առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդ արդյունքն էր «Ցեմենտի» հարձակվող Հովհաննես Թումբարյանից հետո, որը 24 գոլի հեղինակ էր դարձել:

Հաջորդ երկու մրցաշրջաններում Եսայանն ամենաարդյունավետն էր «Երևանում»՝ խփելով համապատասխանաբար 11 և 10 գնդակ: Իսկ մինչև այդ 1993թ. նա 17 գնդակով ճանաչվել էր Էջմիածնի «Զվարթնոցի» լավագույն ռմբարկու: Հետագայում էլ Եսայանը մեկական անգամ դարձել է «Արարատի»  (2000թ.՝ 17 գոլ) և «Բանանցի»  (2002թ.՝ 11) լավագույն ռմբարկուն:

6.Գեղամ Հովհաննիսյան - 111 գոլ

«Վան» (1992թ.) - 28, «Փյունիկ» (1993-1996/97թթ.) - 68, «Ցեմենտ» (1997թ.) -1, «Էրեբունի» (1998-1999թթ.) -14:

Հիմնականում գործելով կենտրոնական հարձակվողի գոտում, Գեղամ Հովհաննիսյանին հաջողվում էր տուգանային հրապարակում ընտրած ճիշտ դիրքի շնորհիվ իրացնել գոլային պահերը: Նա նաև լավ էր տիրապետում գլխով խաղին՝ տհաճություն պատճառելով մրցակիցների դարպասապահներին: Արդեն Հայաստանի անդրանիկ առաջնությունում Գեղամը լիովին դրսևորեց ռմբարկուի իր հատկանիշները՝ 33 խաղում խփած 28 գնդակով դառնալով «Վանի» լավագույն ռմբարկուն: Այդ ցուցանիշը 25-ամյա ֆուտբոլիստների մեջ արդյունավետության տարիքային ռեկորդ էր, որը մինչև օրս անգերազանցելի է մնացել:

Տեղափոխվելով «Փյունիկ», Հովհաննիսյանը նոր ակումբում իր նորամուտը նշանավորեց «Բանանցի» հարձակվող Անդրանիկ Հովսեփյանի հետ 26 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի նվաճմամբ՝ սահմանելով տարիքային նոր ռեկորդ 26 տարեկան ֆուտբոլիստների համար: Այդ արդյունքն էլ մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել: Իսկ 1998թ. Հովհաննիսյանը 9 գոլով ճանաչվել էր «Էրեբունու» լավագույն ռմբարկու:

7.Արամ Հակոբյան - 110 գոլ

«Փյունիկ» (1997թ.) - 1, «Դվին» (1998-1999թթ.) - 5, «Արաքս» Արարատ (1999-2000թթ.) -11, «Սպարտակ» (2001-2002թթ.) - 30, «Բանանց» (2003, 2005-2008թթ.) - 62, «Ուլիս» (2008) -1:

Ընդամենը 5 մրցաշրջան հանդես գալով «Բանանցում» (ներկայիս «Ուրարտուն»), Արամ Հակոբյանը 62 գնդակով դարձել է թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն, որի ցուցանիշը դեռ երկար տարիներ անգերազանցելի կմնա: Այդ արդյունքին Արամը հասել է իր բարձր վարպետության ու աշխատասիրության հաշվին՝ տիրապետելով դիպուկ հարվածների և գլխով լավ խաղի:

Նա իր արդյունավետ խաղով հատկապես աչքի է ընկել 2006թ.՝ 27 խաղում խփած 25 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: Մինչև այդ էլ 2003թ. Արամը կրտսեր եղբոր հետ նորամուտը «Բանանցում» նշել էր բարձր արդյունավետությամբ: Այդ առաջնությունում Արամն ու Արան դարձել էին թիմի խփած 89 գոլերից 66-ի հեղինակը, որից 21-ը գրանցվել էր ավագ եղբոր հաշվին:

2005թ. Արամ Հակոբյանը 12 գնդակով դարձել էր «Բանանցի» լավագույն ռմբարկուն: Ավելի վաղ նա արդյունավետությամբ աչքի էր ընկել «Սպարտակում»՝ 2001 և 2002թթ. առաջնություններում իր օգտին գրանցելով 15-ական գոլ:

8.Արմեն Շահգելդյան - 105 գոլ

«Արարատ» (1992-1995/96թթ.) - 50, «Փյունիկ» (1996/97-1997թթ.) - 12, «Երևան» (1998թ.) - 1, «Միկա» (2001-2002, 2004-2007թթ.) - 42:

Ֆիզիկական լավ տվյալներով օժտված, ուժային պայքարից չխուսափող Արմեն Շահգելդյանը հաջողությամբ էր եզրափակում խաղընկերների ձեռնարկած գրոհները՝ տիրապետելով նաև հուժկու հարվածների: «Արարատում» հանդես գալու 5 տարիների ընթացքում Շահգելդյանը ՀՀ առաջնություններում 50 գոլի հեղինակ է դարձել: Դրանցից 15-ը նա խփել էր 1993թ. առաջնությունում՝ ցույց տալով կարիերայի ընթացքում իր ամենաբարձր արդյունավետությունը:

Հետագայում, ավելի հասուն տարիքում «Միկայում» խաղալիս Արմեն Շահգելդյանը 2 անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկու (2004թ.՝ 12 գոլ, 2006թ.՝ 14): Նա 42 գնդակով «Միկայի» պատմության 2-րդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ ընդամենը մեկ գոլով զիջելով թիմի լավագույն ռմբարկու Արտյոմ Ադամյանին:

9.Վահե Յաղմուրյան - 104 գոլ

«Արարատ» (1992-1997թթ.) - 92,  «Կոտայք» (1995, 2001թթ.) - 7, «Փյունիկ» (1998թ.) - 2, «Կիլիկիա» (1999թ.) - 2, «Երևան» (1999թ.) - 1:

«Արարատի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն իր գրագետ խաղի ու տեխնիկական վարպետության շնորհիվ ֆուտբոլային կարիերայի առաջին տարիներին աչքի էր ընկնում բարձր արդյունավետությամբ: Նա Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 29 հանդիպումներում խփելով 38 գնդակ: Այդ ցուցանիշը 3-րդն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում Արա Հակոբյանից (45 գոլ) և Արսեն Ավետիսյանից (39) հետո:

Վահե Յաղմուրյանին է պատկանում առաջնության մեկ խաղում խփած գոլերի քանակով արդյունավետության ռեկորդը: 1992թ. նա 8 գնդակ էր խփել Սևանի «Ախթամարի»  դարպասը: 1993 (20 գոլ) և 1994թթ. (18) Յաղմուրյանը կրկին ամենաարդյունավետն էր «Արարատում», իսկ 1995թ. վարձավճարով «Կոտայքում» խաղալիս 6 խաղում խփած նույնքան գնդակով ճանաչվել էր թիմի լավագույն ռմբարկուն:

10.Արման Քարամյան - 100 գոլ

«Փյունիկ» (1996/97-1998, 2001-2002թթ.) - 61, «Արաբկիր» (1996/97թթ.) - 4, «Կիլիկիա» (1999-2000թթ.) - 35:

Բարձր արագությամբ և հուժկու հարվածներով աչքի ընկնող Արման Քարամյանը ռմբարկուի իր հատկանիշներն առաջին անգամ դրսևորել է «Կիլիկիայում» հանդես գալիս: Թիմում անցկացրած երկու մրցաշրջաններում էլ Արմանը դարձել է «Կիլիկիայի» լավագույն ռմբարկուն՝ խփելով համապատասխանաբար 20 և 15 գոլ: Ընդ որում 1999թ. նա ընդամենը մեկ գնդակով հետ մնաց 21 գոլով առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված «Ցեմենտի» հարձակվող Շիրակ Սառիկյանից:

Վերադառնալով «Փյունիկ», որտեղ Քարամյանը սկսել էր ֆուտբոլային կարիերան Բարձրագույն խմբում, Արմանն ավելի կատարելագործեց իր խաղն ու երկու տարի անընդմեջ դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր (2001թ.՝ 21 գոլ, 2002թ.՝ 36):

2003թ. 24-ամյա Արմանն իր երկվորյակ եղբոր՝ Արտավազդի հետ մեկնեց արտերկիր, այլապես նա հայկական ֆուտբոլի ռմբարկուների ցանկում ավելի բարձր դիրք կզբաղեցներ, նույնիսկ կարող էր գերազանցել Արսեն Ավետիսյանի ռեկորդային ցուցանիշը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ