Logo

Թոնի Ջոն Կարամանուկյան. «Կարծում եմ՝ այս հաղթանակը մեզ դարձնում է առաջնության ֆավորիտ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:44 / 07.11.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

«Արմենիան Ինթերնեյշնլ Ակադեմի» (ԱԻԱ) ակումբի հաղթանակով ավարտվել է հայկական 5 թիմերի մասնակցությամբ Երևանում անցկացված բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի նախամրցաշրջանային մրցաշարը։ VNews-ը զրուցել է հաղթող թիմի գլխավոր մարզիչ Թոնի Ջոն Կարամանուկյանի հետ։

- Որն է՞ր այս մրցաշարում ձեր թիմի հաղթանակի գլխավոր գրավականը։

- Առաջին հերթին՝ թիմային ոգին, որը շատ կարևոր էր։ Բոլորը պատրաստված էին, և ընդհանուր ուժերով կարողացանք հաղթանակի հասնել։ Սա նաև որոշակի փորձ էր ինձ համար, քանի որ առաջին անգամ էի գլխավոր մարզչի կարգավիճակում։

- Ասում են՝ նորեկների բախտը բերում է։ Ձեր հաղթանակում ի՞նչ դեր ունեցավ հաջողության գործոնը։

- Հաջողության գործոնը, կարծում եմ, երկրորդական էր։ Իրականում բացարձակ սկսնակ մարզիչ չեմ. անցյալ տարի եղել եմ կանանց «Հատիս» թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի օգնականը և այդ փորձը որոշակիորեն օգնեց ինձ։ Այս մրցաշարում հաղթեցինք անցկացրած բոլոր՝ 6 հանդիպումներում։ 

- Այդ խաղերից ո՞րը կառանձնացնեք։

- Միանշանակ, եզրափակիչը։ Վճռական հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց, որովհետև մրցակցին՝ Գյումրիի թիմին մրցաշարի ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել էինք։ Եզրափակիչում նրանք, կարծես, տրամադրված էին ռևանշի, սակայն մենք նույնպես լավ էինք պատրաստվել և հաղթելու վճռականությամբ էինք դուրս եկել խաղահրապարակ։ Խաղը բավականին լարված և հետաքրքիր ստացվեց։ Որոշիչ էր 4-րդ մրցափուլը. կարևոր նշանակություն ունեցավ թիմային խաղը և մեր բասկետբոլիստների փորձը։ Ի վերջո, հաղթեցինք 78։75 հաշվով։

- Ի՞նչ նպատակներով եք պատրաստվում Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությանը։

- Ճիշտն ասած՝ առայժմ տեղեկություն չկա կանոնավոր առաջնության մեկնարկի ժամկետների մասին։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, որովհետև նման մրցումները նպաստում են մեր երկրում բասկետբոլի մասսայականացմանը և ոգևորում են հատկապես պատանի մարզիկներին, որոնք, հետևելով խաղերին, ավելի շատ լիցք, ինչու չէ, նաև որոշակի փորձ են ձեռք բերում։

Կանոնավոր առաջնությունում մեր նպատակը լինելու է հնարավորինս լավ խաղ ցուցադրելը։ Ժամանակին լինելով նաև այս ակումբի խաղացող և մարզչի օգնական՝ հանգել եմ այն եզրակացության, որ նման մրցումներում անչափ կարևոր է թիմային խաղը։ Կարծում եմ, այս հաղթանակը մեզ որոշ չափով դարձնում է կանոնավոր առաջնության ֆավորիտ։ Սակայն, ծրագրերի և նպատակների մասին ավելի հստակ հնարավոր կլինի մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ, քանի որ ներկայիս կազմի ոչ բոլոր խաղացողներն են մնալու մեր տրամադրության տակ։ Պետք է հասկանանք նաև, թե ինչպիսի համալրումներ ենք ունենալու։

- Միջազգային հանդիպումներ նախատեսե՞լ եք։

- Առայժմ ոչ։ 

- Ի՞նչ ապագա ունի հայկական բասկետբոլը։

- Բասկետբոլն այն մարզաձևերից է, որոնք ձևավորում են թիմային մտածողություն և շփում։ Խաղի ընթացքում շատ կարևոր է մեկմեկու օգնելը, թիմակցին նեցուկ լինելը։ Այդ առումով շատ կցանկանայի, որ Հայաստանում հնարավորինս շատ երեխաներ զբաղվեն բասկետբոլով, որը խոստումնալից հեռանկարներ ունի մեր երկրում։ Ի դեպ, նաև «Արալեզ» բասկետբոլային ակումբի հիմնադիրներից եմ։ Այն գործում է արդեն շուրջ 2 տարի։ Մեզ մոտ մարզվում են 5-14 տարեկան երեխաներ, որոնց հետ աշխատում ենք նաև ես ու կինս՝ «Հատիսի» նախկին ավագ Արևիկ Կարամանուկյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ