Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Լատվիայի թիմի նկատմամբ 4-1 հաշվով տնային հաղթանակը։
«Եթե հիշենք Լատվիայի դեմ կայացած նախորդ տնային խաղը (2-1), ապա մրցակիցը մեկ հարված էր կատարել և գոլ խփել։ Իսկ մենք բազմաթիվ պահեր ունեինք և չէինք կարողանում իրացնել դրանք։ Արտագնա խաղում էլ (0-2) անչափ ցավալի պարտություն կրեցինք։ Այժմ շատ ավելի լավ խաղացինք, գոլեր խփեցինք ունեցած պահերից։ Շատ կարևոր էր հաղթել սեփական երկրպագուների ներկայությամբ։ Հիանալի մթնոլորտ էր տրիբունաներում, ինչի համար մեծ շնորհակալություն երկրպագուներին։ Պետք չէ ասել, որ ինքնագոլի դրվագում չկար բախտի գործոն, բայց այդ պահն արդեն անցել է. պետք է պատրաստվել հաջորդ հանդիպմանը։
Մարզիչը ճիշտ նշեց, որ ոտքերս ջղաձգվում էին։ 79-րդ րոպեից կար նման խնդիր։ Մարտից ի վեր սա իմ առաջին ամբողջական հանդիպումն էր։ Իհարկե, լավագույն ֆիզիկական վիճակում չեմ։ Բայց, ամռվա համեմատ, շատ ավելի լավ եմ ինձ զգում։ Նման խաղերի միջոցով կարելի է բարելավել այդ տեսանկյունից։ Միշտ կարծել եմ, որ ֆուտբոլի ամենակարևոր գործոններից մեկը խաղային պրակտիկայի առկայությունն է։ Շատ շնորհակալ եմ մարզչին և հավաքականին` 90 րոպե խաղալու հնարավորություն տալու համար»,- Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Հիշեցնենք, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղում Նաիր Թիկնիզյանը գոլային փոխանցում էր կատարել լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 10-ին և Սկոպյեում մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ։