Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ի հետ զրույցում գնահատել է ազգային հավաքականի ելույթն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում, նաև խոսել լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլի հնարավոր նշանակման մասին:
- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի ելույթն Ազգերի լիգայում:
- Ելնելով այն բանից, թե ինչպես փոխվեց մեր մրցաշարային դիրքը երկու ամսվա ընթացքում, վերջնական արդյունքը վատ չէ: Արժանի արդյունքի հասանք։ Առջևում փլեյ-օֆֆն է, պատրաստվելու ենք այդ խաղերին:
– Ի՞նչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում Ֆարերյան կղզիներին պարտվելուց հետո։
- Ամբողջական հիասթափություն: Բոլորը շատ վրդովված էին արդյունքից։ Հասկանալի է, որ արդյունքն առաջնային է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, նրանք միշտ լեցուն են պահում մեր տնային ստադիոնը: Երկրորդ տեղը արդյունքն է այն բանի, թե ինչպես մենք միավորվեցինք ամենադժվար պահին և առավելագույնը քաղեցինք։ Ճիշտ ուղու վրա ենք։
- Ինչո՞ւ է ազգային հավաքականն անկայուն խաղում:
– Ավելի հետևողական և ավելի լավ խաղալու համար հարկավոր է լավ կառուցված համակարգ: Պահանջներ են պետք, որոնց բոլորը կհետևեն և կկատարեն։ Վստահ եմ, որ ընտրական հանդիպումներում մենք դրան կհասնենք նոր մարզչական շտաբի գալով, և մեր արդյունքները, Աստծո կամոք, կբարելավվեն։
Չկա պատկերացում, թե ով է լինելու մշտական հիմունքներով մարզիչ՝ հստակ խաղային պահանջներով, որոնք կբավարարվեն:
– Գրել էին Ռաուլի մասին՝ որպես գլխավոր մարզիչի թեկնածու։ Ցանկանու՞մ եք աշխատել բարձրակարգ մասնագետի հետ: Ինչպիսի՞ մարզիչի կարիք ունի ազգային հավաքականը։
- Ռաուլը զարմանալի ֆուտբոլիստ է, բայց ես չգիտեմ, թե ինչպիսի մարզիչ է նա։ Նա ունի հարուստ փորձ, դա փաստ է: Կարևորը ոճը չէ, կարևորը համակարգն է և պահանջը։ Ցանկանում եմ հարձակողական ֆուտբոլ խաղանք, բայց ոճը կախված է մրցակցից։ Ոմանց դեմ պետք է խաղալ հակագրոհների վրա, որոշների դեմ՝ կոմբինացիոն ֆուտբոլ»,- ասել է Թիկնիզյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում երկխաղյա դիմակայություն կանցկացնի Վրաստանի թիմի հետ, հաղթելու դեպքում կբարձրանա B դիվիզիոն: Հանդիպումները կկայանան 2025 թվականի մարտին։
C դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը (7 միավոր): Առաջին տեղը զբաղեցրել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը, որը բարձրացել է B դիվիզիոն (16 միավոր)։