Ֆրանսիայի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին պատմել է, թե ինչ ազդեցություն է ունեցել իր կարիերայում անգլիական «Մաչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Կատալոնացի մարզիչի գլխավորությամբ Անրին խաղացել է «Բարսելոնայում»։
«Երբ ես միացա «Արսենալին», Արսեն Վենգերը բացահայտեց իմ մարտական ոգին ու բանականությունը։ Իսկ Պեպ Գվարդիոլան բացեց աչքերս։ Հենց նա ինձ օգնեց հասկանալ, որ պրեսինգը հիանալի բան է։ Ինչպես գիտեք, սովորաբար հարձակվողները չեն ցանկանում անել նման բաներ։ Սակայն հետո իմ մեջ բացվեց բարձր պրեսինգի ախորժակ, և ես սկսեցի գնահատել խաղը նաև այլ կողմերով»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ վերջերս Թիերի Անրին նշանակվել էր Ֆրանսիայի երիտասարդական (Մ21) հավաքականի գլխավոր մարզիչ։ 46-ամյա մասնագետի գլխավոր խնդիրը լինելու է Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում հաղթելը։
Անրիի նախորդ աշխատավայրը Բելգիայի հավաքականն էր, որտեղ նա 2016-2018-ին ու 2021-2022-ին եղել է գլխավոր մարզիչի օգնականը։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Մոնակոն» ու կանադական «Մոնրեալը»։