Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը նշել է, թե ում է երկրպագելու Ալեքսանդր Ուսիկ - Թայսոն Ֆյուրի մենամարտում։
«Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին և հուսով եմ` նա կհաղթի։ Ես նրա երկրպագուն եմ։ Ֆյուրիի հայրը որդուն անվանակոչել է իմ պատվին, իսկ ես նրան միայնակ չեմ թողնի»,- Թայսոնի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։
Հիշեցնենք, որ ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնն է։ Նա մայիսի 18-ին մրցավարների որոշմամբ հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին ու նվաճել նաև WBC-ի վարկածով չեմպիոնական գոտին։ Նրան են պատկանում նաև WBO-ի, WBA-ի, IBF-ի IBO-ի և The Ring-ի տիտղոսները։ 37-ամյա բռնցքամարտիկը բոլոր 22 մենամարտերում հաղթել է, 14-ը` նոկաուտով։ Ֆյուրին 36 մենամարտում 34 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 1 պարտություն։ Բրիտանացին 24 անգամ մրցակիցներին պարտության է մատնել նոկաուտով։
Ուսիկն ու Ֆյուրին ևս մեկ մենամարտ անցկացնելու են դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։