Logo

Թատրոնն ու թատրոնի արդիական խնդիրները. զրույց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի հետ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
տիգրանն - Թատրոնն ու թատրոնի արդիական խնդիրները. զրույց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի հետ

Թատերագետ, հրապարակախոս Տիգրան Մարտիրոսյանի հետ ենք զրուցել: Զրույցի հիմանական թեման, բնականաբար, թատրոնն է, թատրոնն աշխարհում և Հայաստանում, ի՞նչ խնդիրների, նոր մարտահրավերների է բախվում այսօրվա թատրոնը: Ի՞նչ է անում այսօր հայկական թատրոնը ու ի՞նչ չի անում: 

– Թատրոնն այսօր աշխարհում ի՞նչ տենդենցներ ունի, ո՞ւր է հասել, փոխվե՞լ է, ի՞նչ են անում այսօրվա թատրոնները, թատերական գործիչները, ռեժիսորները…

Ըստ իս՝ թատրոնն այսօր էլ ստեղծագործական բնագավառին բնորոշ որոնումների գործընթացում է, պարզապես ձեռքբերումները, գոնե վերջին տասը տարիների կտրվածքով, միայն ձևային տիրույթում են` անկախ այն հանգամանքից՝ դրանք իրացվում են տանիքում, նկուղում, սրճարանում, թե արտաթատերական մեկ այլ  տարածքում: Առավելագույնը՝ պայմանաձևային նորահայտնություների ենք առնչվում, որոնք բովանդակային նորորակության չեն հանգեցվում: Աչքի պոչով սիրահարվածին հատուկ անբարեհույս վարկածաշինությամբ չզբաղվենք և պոստմոդեռնի «պոզիտիվ մոզիներին» հուզած նեոէքզիստենցիալ դզզոցը ինքնության օրհներգի հետ չշփոթենք։ Վիսոցկին դա մեզ չի ների, զի Համլետն էր նա խենթ կիթառի տարերային կրքերի, և իմ ակնկալած բովանդակության կրողներն այդօրինակ կերպարներ են։ Իհարկե, բուդդիստական զեղումների հանգույն, ոմանք երբեմն, որպես այլընտրանք, փորձում են տողանցիկ ավաղումից տղոտած մոխրաշունչ նվաղումներ խորհրդակերպել, բայց կուրադավան մաներայնությունից անդին չեն անցնում։

Մի խոսքով, չկա դեռ ակնկալածս այն աննախադեպ բովանդակությունն ու դրան միս ու արյուն տվող խենթ տեսակը, որի հետ առնչվելիս «брависимо-прависимо»-ն անկախ քեզանից կարտաբերես:

 

– Թատրոնն այսօր Հայաստանում. ի՞նչ վիճակում է, ո՞նց եք գնահատում, ո՞ւր է հասել ու ո՞ւր է գնում:

Սովորության համաձայն՝ երկրի պես է մեր թատրոնը, այսինքն, ինչպես գործընկերներիցս Յուրա Իգիթխանյանն էր ասում, կայուն ծանր վիճակում է հայ թատրոնը: Ուստի, ստեղծված համաժողովրդական ապատիկ վիճակից փոքրիշատե արդյունավետ ելքերից մեկը Բրեխթի մեթոդիկայով կամ էլ նրա որոշ պիեսների մերօրյա տեղայնացմամբ արված ներկայացումն է թվում:

Վաղամեռիկ թատերագետներից Լևոն Մութաֆյան իր բազում հոդվածներից մեկում նշում էր, որ ոչինչ ավելի ցայտունորեն չէր կարող նպաստել Բրեխթի գեղագիտական նպատակադրումների արտացոլմանը, քան ԱՂԵՏՆԵՐԻ անդրադարձը թատերգության մեջ, քանզի աղետները առաջ էին բերում ոչ միայն մեծ ցնցումներ, այլև պարտադրում մտորել պատճառների մասին: Ուրեմն, ի դեմս ետպատերազմյան հայրենիքի, իրոք պետք է ընդունենք, որ բրեխթյան ժամանականեր ենք վերապրում և մեր ցավի հետ հարաբերվելու կուլտուրա պետք է վերջապես սովորենք, այլ ոչ թե հույզերին տրվելով՝ ձևական ու շինծու հայրենասիրություն խաղարկենք:

– Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր հայ թատրոնները, լավ ներակայացումներ, լավ դերասաններ, ռեժիսորներ ունե՞նք, լա՞վն է այսօրվա հայկական թատրոնը:

Լոկալ առումով, հայ թատրոնի այսօրվա չլուծված խնդիրն է կառավարության և Պետական կամերային երաժշտական թատրոնի միջև խմորվող գոյապահպանական «կոնֆլիկտը»: Բայց քանի որ երկու կողմերն էլ ցավալիորեն մինչև վերջ անկեղծ չեն, ուստի անպատեհ եմ համարում իրենց փոխարեն պատճառներն ու հետևանքները նկարագրելը:

Լայն առումով, հայ թատրոնի խնդիրների խնդիրն է ինձ համար մնում «Թատրոնի մասին օրենքի» բացակայությունը: Ոչ թե բարի ցանկությունների ընդհանուր դրույթների համահավաք (այդպիսի օրենքում բարեմաղթանքներ ցանելով՝ հուսախաբություններ կհնձենք) այլ իրավունքների ու պարտականությունների, խիստ առանձնահատուկ աշխատանքային հարաբերությունների նրբությունների այնպիսի մի մարդակենտրոն համակարգում, որն անգամ ոլորտի ենթակառուցվածքային գործառույթների որոշարկումները կտա:

Տարբեր պատճառաբանումներով պարբերաբար հետաձգվում է այս օրենսդրական նախագիծի մշակումն ու ընդունումը:

– Ի՞նչը կուզեիք փոխել:

Առաջին հերթին տոտալ անհամարձակությունը, որ քաղքենական նմանակեղծումին սովոր անբարեխիղճները բեմից ցուցամոլությունը խարիզմայի տեղ չհրամցնեն: Կուզեի նաև, որ բնագավառի շնաձկները, շատ չէ, գոնե մի քիչ հեռանկարի զգացողություն ունենան և թոթափեն խնամքով թաքցրած ինքնաերկրպագումը: Իրենցից հետո իրենց փոխարինող կենսունակ արժեհամակարգի տեր, գործունակ, սկզբունքային կադրեր ստեղծեն, որ ոչ հեռավոր ապագայում համապատասխան ղեկավար չգտնելու պատճառաբությամբ հերթական թատերական հաստատությունը չփակվի:

 

– Ի՞նչ է անում Տիգրանը հայկական թատրոնի համար, ինչո՞վ է օգնում:

Ամերիկայն հայտնի խոսքից վերձևակերպումով մեջբերված-տեղայնացված «սադրիչ» հարցադրումը, թեկուզև անուղղակիորեն, բայց ինքնին մեղադրական տոնայնություն ունի: Փորձեմ իբրև թե արդարանալ, թեպետ, իմ պարագայում՝ լավագույն պաշտպանությունը, դա՝ անհամաչափ հակահարվածն է:

Վերջին տասը տարիներին հայ թատրոնը, կարելի է ասել, որ գրեթե զրկված էր ԸՆԹԱՑԻԿ փորձագիտական գնահատականից, ինչը դիլետանտիզմի տանող ամենակարճ ճանապարհն է: Թատերական քննադատներն այստեղ այնտեղ և ամենուր, բայց ոչ թատերագիտական հարթակում (որովհետև այն չկար), կախված իրենց էնտուզիազտական ոգևորության, բայց երբեմն էլ շահգրգռվածության աստիճանից, առիթից առիթ թատերախոսականներ էին հեղինակում:  Հետևաբար, գործից անտեղյակ ցանկացած մեկը իրավունք էրվերապահում վայրահաչել, թե չկա այլևս, անհուսալիորեն մահացել է հայ թատերագիտությունը:

Որոշ քննարկումներից հետո ՀԹԳՄ ղեկավար Հակոբ Ղազանչյանին թատերագիտական կայքի նախագիծ ներկայացրեցի և նա որպես թատերական ընտանիքում մեծացած, ուստիև այս մասնագիտության հարգն ու հարկը լավ իմացող թատերական գործիչ, երիտասարդ թատերագետներիս լիակատար ազատություն ընձեռելով (այդպես է առայսօր) ընթացք տվեց Թատերակետեր (theatricalpoints.com) թատերագիտական կայք-շտեմարանի ստեղծմանը: Եվ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ երկու երանին է մեկտեղվում:

Բախտներս բերեց, որ ԿԳՄՍ փոխանախարարը դերասանականից բացի նաև թատերագիտական կրթություն ունի, զգայական փորձառության մակարդակում էր ըմբռնում այսպիսի կառույցի սուր անհրաժեշտությունը: Գիտակցում էր, որ քննադատության «հսկողությունից» զրկված բեմը լոկ ամբոխի դյուրագրգիռ պահանջներին է սպասարկում և նախարարությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ դրամաշնորհային ծրագրի շրջանակում կայքի կենսագոյությանն է ֆինանսապես աջակցում:

Արդյունքում, այսօր մեկ հետաքրքիր, վիճահարույց կամ փոքրիշատե հաջողված ներկայացման մասին միաժամանակ երկուսից երեք թատերական նյութեր են ստեղծվում: Կնշանակի ստեղծագործական խմբի կատարված աշխատանքը մոտիվացվում է նաև մասնագիտական բազմակողմանի ուշադրությամբ:

Բացի այդ, կայքում թատրոնի մասին մասնագիտական տեղեկույթն է համահավաքվում, որը հայ թատրոնի նաև ապագա դերասանի ու ռեժիսորի համար որպես բազմաբնույթ տեղեկատվական բազա է ծառայում, դյուրացնում ինքնազարգացման գործընթացներից մեկը: Մի խոսքով մենք՝ թատերագետներս, բնագավառը վերակենդանացման բաժնից ստացիոնար բուժման հասցնելու գործին ենք լծվել, թեև ԵԹԿՊԻ թատերագիտական բաժնում դիմորդ չունենալու մարտահրավերը դեռևս հաղթահարված չէ: Բայց դա միայն մեզանից կախված խնդիր չէ, ինչի լուծման համար հարկ է, որ համապատասխան անձինք տեղից շարժվեն:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ