«Բարսելոնան» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին զրկել է ավագի թևկապից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը որոշել է մինչև կարգապահական հետաքննության սկսվելը նրան զրկել ավագի թևկապից: Իսպանիայի չեմպիոնի հիմնական ավագը կլինի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն:
«Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ և մինչև այս հարցի վերջնական լուծումն ակումբը, մարզական ղեկավարության և մարզչական անձնակազմի հետ փոխադարձ համաձայնությամբ, որոշել է ժամանակավորապես զրկել նրան ավագի թևկապից։ Այս ընթացքում ավագի պարտականությունները կկատարի ներկայիս փոխավագ Ռոնալդ Արաուխոն»,- գրված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
2014 թվականից կատալոնական գրանդում հանդես եկող Տեր Շտեգենը հրաժարվել էր իր վնասվածքի և մեջքի վիրահատության վերաբերյալ զեկույցը Լա լիգայի բժշկական հանձնաժողովին փոխանցելուց: Դրա հետևանքով «Բարսելոնան» թիմի նոր դարպասապահ Ժոան Գարսիային դեռևս չի կարողանում գրանցել Լա լիգայի նոր մրցաշրջանի համար:

