Logo

Տենտոնի արդյունավետ շարքը, Չանչարևիչի հոբելյանական «չոր» խաղը. Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:30 / 07.11.2022Հայկական ֆուտբոլ
Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուր

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում առաջատար եռյակի թիմերը կրկին հաղթեցին, իսկ ահա նրանց հետապնդող «Փյունիկը» թանկարժեք միավորներ կորցրեց:

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք 3 հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Ալաշկերտին»: Առաջնությունում կայացած 73 հանդիպումներից 28-ում հաղթել են դաշտի տերերը, 31-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 14 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուր-1

Ինչպես նախորդ տուրում, այնպես էլ այս անգամ 5 խաղում խփվեց 12 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ): Առաջնության 73 հանդիպումներում գրանցվել է 173 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,3 գոլ):

2. «Ուրարտուն» 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Վերջին 10 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ 9 հաղթանակ, մեկ ոչ-ոքի: Այդ ընթացքում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Ուրարտուի» հետ խաղում: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 18 միավոր ավելի է վաստակել: Ճիշտ է, «Ուրարտուի» ներկայիս արդյունքը 3 միավորով զիջում է նախորդ առաջնության 15-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորած «Արարատ-Արմենիայի» ցուցանիշին:

Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուր-2

3. «Արարատ-Արմենիան» տարավ խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը, որը 6-րդն էր ընթացիկ առաջնությունում: Դա լավագույն ցուցանիշն է առաջնության մասնակից թիմերի մեջ: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 2-րդ անգամ 4 անպատասխան գոլ խփեց «Վանին»: Մինչև այդ, Հայաստանի կրկնակի չեմպիոնը երկու անգամ պարտության էր մատնել «Շիրակին» (3-0, 5-0), մեկական անգամ էլ հաղթել էր «Նոային» (3-0) և «Ալաշկերտին» (4-1):

4. «Վանը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Այդ հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին:

5. ԲԿՄԱ-ն 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ավելի մտահոգիչ է այն, որ վերջին 7 հանդիպումներում բանակայիններին չի հաջողվել գոլ խփել: Թիմում գոլային երաշտը հասել է 642 րոպեի: Դա առաջնությունում վատագույն ցուցանիշն է: Վերջին գոլն առաջնությունում ԲԿՄԱ-ն խփել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի հարվածի շնորհիվ:

Հայաստանի առաջնություններում ամենատևական գոլային երաշտը գրանցվել է 1998թ. «Շիրակ-2-ի» մոտ, որը 10 խաղ անընդմեջ, 926 րոպե շարունակ գոլ չի խփել:

6. Ուգո Ֆիրմինուն երկրորդ անընդմեջ խաղում դուբլի հեղինակ դարձավ: Առաջնության վերջին 3 հանդիպումներում նա դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 5 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Պորտուգալացի ֆուտբոլիստի խփած առաջին գնդակը Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմերի մասնակցությամբ Fastex ՀՊԼ-ի հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 900-րդ գոլն էր: Դա նաև Fastex ՀՊԼ-ում «Վանի» բաց թողած 100-րդ գնդակն էր:

Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուր-3

Ընթացիկ առաջնությունում Ֆիրմինուն 8 գոլով «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն է: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում նա 16 գնդակով ճանաչվել էր «Փյունիկի» լավագույն ռմբարկու: 33-ամյա ֆուտբոլիստը նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ 4 գոլ ավելի է խփել:

7. Տենտոն Յենեն շարունակեց արդյունավետ խաղերի շարքը՝ 4-րդ անընդմեջ խաղում իր հաշվին գոլ գրանցելով: Նա 6 գնդակով ընդգրկվեց «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:

8. Օգնյեն Չանչարևիչը 2-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Ընթացիկ առաջնությունում սերբ դարպասապահն արդեն 8 «չոր» խաղ է անցկացրել: «Շիրակի» հետ խաղում Չանչարևիչը Fastex ՀՊԼ-ում 50-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի դարպասապահների մեջ դա 2-րդ արդյունքն է: Ռեկորդակիրը Վսևոլոդ Երմակովն է, որը Fastex ՀՊԼ-ում 52 խաղում գոլ բաց չի թողել:

9. Տուրում նշանակված 11մ միակ հարվածն անվրեպ իրացրեց Էդգար Մալաքյանը՝ խոցելով Վարդան Շահատունու պաշտպանած դարպասը: Դա ընթացիկ առաջնությունում «Արարատի» օգտին նշանակված 11մ առաջին հարվածն էր:

Fastex ՀՊԼ-ի 15-րդ տուր-4

Մալաքյանը Fastex ՀՊԼ-ում «Արարատում» խփեց 10-րդ գոլը, որը 29-րդն էր Բարձրագույն խմբում: Էդգարը 4 գնդակով դարձավ «Նոայի» հետ դիմակայությունում «Արարատի» լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Դոնիմանի Յակուբա Սիլուեի ցուցանիշը:

10. «Լեռնային Արցախի» կամերունցի ֆուտբոլիստ Վալդո Բիլունգան բացեց գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Բիլունգան թիմի այն 6 ֆուտբոլիստներից մեկն է, որ մասնակցել է բոլոր խաղերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ