Fastex Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 3-րդ շրջանը:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1.Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 4 խաղում, 1 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Հյուրերից միակ միավորը վաստակեց ԲԿՄԱ-ն: Առաջնությունում կայացած 110 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 47-ական հաղթանակ են տարել, 16 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Կայացած 5 հանդիպումներում խփվեց 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,4 գոլ): Առաջնության 110 հանդիպումներում գրանցվել է 329 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,99 գոլ):
2. «Ուրարտուն» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին վճռելով «Գանձասարի» հետ հանդիպման ելքը: Ընթացիկ առաջնության նախորդ երկու խաղերում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը գանձասարցիներին հաղթել էր ընդհանուր 6-0 հաշվով:
3. Իսկ ահա «Գանձասարը» 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին անգամ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը միավոր է վաստակել անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ:
4. «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ մեկ խաղում 6 գոլ խփեց՝ տոնելով խոշոր հաշվով 4-րդ հաղթանակը: Մինչև «Շիրակի» հետ հանդիպումը, փյունիկցիներն առավել արդյունավետ էին գործել «Գանձասարի» դեմ մրցավեճում՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
5. «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել առաջնությունում 372 րոպե տևած գոլային երաշտը, երբ 81-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանը գրավեց «Փյունիկի» դարպասը: Հետաքրքիր է, որ առաջնությունում նախորդ գոլը շիրակցիները կրկին խփել էին «Փյունիկի» դարպասը: Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին կայացած խաղում աչքի էր ընկել Դոնալդ Կոդիան՝ 68-րդ րոպեին խոցելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը:
6. «Վանն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ հաղթեց «Վեստ Արմենիային»: Վերջինս այդ հանդիպումներում այդպես էլ չգտավ մրցակցի դարպասի բանալին՝ փոխարենը բաց թողնելով 10 գոլ: Վերջին 5 խաղերում չարենցավանյան ակումբն անպարտելի է՝ տոնելով 3 հաղթանակ:
7. «Ալաշկերտի» դարպասը Տենտոն Յենեի խփած գոլը կրկնակի հոբելյանական էր: Դա նիգերիացի ֆուտբոլիստի 40-րդ գնդակն էր ինչպես Fastex Պրեմիեր լիգայում, այնպես էլ «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում (37-ը՝ առաջնությունում, 1-ը՝ ՀՀ գավաթի, 2-ը՝ Եվրագավաթների խաղարկություններում):
Տենտոնը Fastex Պրեմիեր լիգայում իր առաջին 3 գոլերը խփել է «Նորավանքում»: «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպանը եզրափակում է ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների հնգյակը: Ցանկը 77 գոլով գլխավորում է Յուսուֆ Օտուբանջոն:
8. «Շիրակի» հետ խաղում Վարազդատ Հարոյանը երկու հաճելի հոբելյան նշեց: «Փյունիկի» ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 500-րդ խաղն անցկացրեց, իսկ Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Հարոյանը դարձավ 500 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 16-րդ ֆուտբոլիստը:
Խաղերից 187-ը Հարոյանն անցկացրել է «Փյունիկում» պաշտոնական մրցումներում, 89 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային, 14 անգամ՝ երիտասարդական հավաքականներում, 210 խաղի էլ մասնակցել է արտերկրի ակումբներում:
9. Փյունիկցի Ժոել Բոպեսուն, «Ուրարտուի» հարձակվող Վլադիսլավ Յակովլևը և «Վանի» պաշտպան Դավիթ Տերտերյանը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Առաջնությունում Գոռ Լուլուկյանն առաջին գոլը խփեց «Արարատում», Թեմուր Ջիկիան՝ «Փյունիկում», Բերտրան Մանին՝ «Գանձասարում»:
10. Կարեն Նալբանդյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նա առաջին մրցաշրջանն է անցկացնում «Վանում», որի կազմում մասնակցել է առաջնության 18 հանդիպման: