Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շարունակում է ձախ պաշտպանի փնտրտուքները։ «Կարմիր սատանաների» ձախ պաշտպան Լյուկ Շոուի վնասվածք ստանալուց հետո ակումբի ղեկավարությունը նախատեսում է անգլիացու դիրքում ձեռք բերել նոր ֆուտբոլիստ։ Ավելի վաղ ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մկանային խնդիրների պատճառով Շոուն բացակայելու է մի քանի շաբաթ։
Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հիմնական թեկնածուներն են Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան, կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչ Մարկոս Ալոնսոն, «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը և ֆրանսիական «Լիոնի» արգենտինացի եզրային Նիկոլաս Տալյաֆիկոն։
Օրեր առաջ նույն Ռոմանոն նշել էր, որ Ռեգիլոնի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» ու ամերիկյան «Ատլանտան», սակայն 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի Ա սերիան ներկայացնող ակումբներից մեկում։