Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պատմել է, թե ակումբի ղեկավարությունն ինչպես է իրեն հայտնել համագործակցության շարունակության մասին։
«Մրցաշրջանը շատ բարդ ստացվեց։ «Մանչեսթեր Յունայթեդում» երբեք ձանձրալի իրադարձություններ չեն լինում։ Մեկնեցի կարճ արձակուրդի, որի վերջում ակումբի աշխատակիցներին հանդիպեցի։ Նրանք հայտնեցին, որ մեծ սիրով կշարունակեն աշխատել ինձ հետ։
Ցանկացած կազմակերպությունում վերլուծելն ու դրանից եզրակացություններ անելը խելամիտ որոշում է։ Հենց այդպես վարվեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նոր ղեկավարությունն է կայացրել այդ որոշումը։
Բոլորը տեղյակ էին, որ ակումբը բանակցում է Թոմաս Տուխելի հետ։ Նիդերլանդներում արգելված է նման քայլերը։ Այնտեղ չի թույլատրվում բանակցել այնպիսի ակումբի հետ, որն ունի մարզիչ, բայց Անգլիայում ամեն ինչ այլ է։ Ակումբի ղեկավարներն եկան այն եզրակացությանը, որ ունեն լավագույն մարզչին»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է Voetbal Primeur-ը։
Հիշեցնենք` վերջերս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ չի անելու 54-ամյա մասնագետին։ Այժմ կողմերը բանակցում են գործող պայմանագիրը մինչև 2027 թ. հունիսի 30-ը երկարաձգելու շուրջ։


