Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի հնարավոր տեղափոխությունը։
«Ես չեմ պատասխանի այդ հարցին։ Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել ձեզ»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել էր բրազիլացի 30-ամյա կիսապաշտպանի հեռանալը:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Կազեմիրոն առաջիկա 48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի անգլիական ակումբի համար: «Մանչեսթեր Յունայթեդը» բրազիլացու տեղափոխության համար «Ռեալին» կվճարի 60 միլիոն եվրո:
Կազեմիրոն 2013 թվականին բրազիլական «Սան Պաուլուից» է տեղափոխվել «Ռեալ»։ 2014/15 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է պորտուգալական «Պորտուում»։
Մադրիդյան թիմի կազմում կիսապաշտպանը երեքական անգամ դարձել է Լա լիգայի, Իսպանիայի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 1 անգամ հաղթել է Արքայական գավաթում:


