Հաճախ բռնցքամարտի մասին խոսելիս քննարկվում է ռինգում տեղի ունեցածը, բայց շատերը տեղյակ չեն կամ չեն մտածում, թե ինչ աշխատանք է տարվում դրանից դուրս: Եվ եթե մարզիչների աշխատանքը դեռ վերլուծության ենթարկվում է, մենեջերները մնում են ստվերում:
FastNews-ը զրուցել է Grand Boxing միջազգային մենեջերական ընկերության հիմնադիր Խաչատուր Խաչատրյանի հետ, որը, Հայաստանից բացի, բնակվում է նաև Բելգիայում և ներկա է լինում բռնցքամարտի գլխավոր իրադարձություններին:
Grand Boxing-ի հետ պայմանագիր ունի 180 բռնցքամարտիկ, որոնց կարիերայի աճը պայմանավորված է ոչ միայն իրենց ձեռքի ուժով, այլ նաև մենեջերների ճիշտ աշխատանքով: Այդ 180 բռնցքամարտիկներից մոտավորապես 40-ը տարբեր երկրների հայեր են:
- Ի՞նչ գործունեություն է ծավալում Grand Boxing-ը:
- Մենեջերական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին, ինչպես նաև սիրողական այն բռնցքամարտիկներին, որոնք պատրաստվում են պրոֆոսիոնալ դառնալ: Մենք օգնում ենք ճիշտ պայմանագրեր կնքել պրոմոութերական ընկերությունների հետ, ճիշտ մենամարտեր ու մրցակիցներ ընտրել, որոնք բռնցքամարտիկին կօգնեն առանց սխալների հասնել հաջողության:
- Ի՞նչ է նշանակում «ընտրել ճիշտ մրցակիցներ». կբացե՞ք փակագծերը:
- Պրոֆեսիոնալ ու սիրողական բռնցքամարտերը շատ տարբեր են: Երբ սիրողական մարզիկը պրոֆեսիոնալ ասպարեզ է տեղափոխվում, նրան որոշ ժամանակ է հարկավոր՝ այդ մակարդակին հարմարվելու համար: Դրա համար նրանց մրցակիցներ են ընտրվում տարեց, հաջողությունների չհասած մարզիկներ, որոնց հետ մենամարտերն օգնում են նոր տաղանդներ բացահայտել: Դրանից հետո, երբ բռնցքամարտիկն արդեն ադապտացվել է պրոֆեսիոնալ մակարդակին, աշխարհի չեմպիոն դառնալու նպատակ է դրվում: Ինչպես գիտեք, կան աշխարհի չեմպիոնի կոչում սահմանող 4 վարկածներ՝ WBO, WBA, IBF և WBC: Մենեջերի հիմնական գործունեությունն է ընտրել այն կազմակերպությունների քաշային գոտին, որտեղ իր հաճախորդները կարող են զբաղեցնել գործող չեմպիոնների տեղը:
- Մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է:
- Ո՛չ, իհարկե: Առաջին խնդիրն է հայտնվել տվյալ քաշային կարգի թոփ-15 բռնցքամարտիկների թվում: Դա հնարավորություն կտա հետագայում բարձրանալու թոփ-3 և այնտեղից արդեն չեմպիոնական մենամարտ անցկացնելու:
- Ստացվում է՝ պետք է տեղյակ լինեք այդ 4 կազմակերպությունների բոլոր քաշային կարգերի բռնցքամարտիկների ուժեղ և թույլ կողմերին:
- Ճիշտ այդպես:
- Որքա՞ն ժամանակ է պահանջվում՝ բոլոր մարզիկների ելույթներին հետևելու համար:
- Ովքեր հնաբնակ են այդ վարկանիշներում, մենք նրանց վաղուց ճանաչում ենք: Իսկ մյուսների ելույթներին, բռնցքամարտի աշխարհի բոլոր իրադարձություններին հետևում ենք շուրջօրյա ռեժիմով: Աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 9-ին և շարունակվում մինչև ուշ գիշեր:
- Ի՞նչ սկզբունքով եք որոշում, թե որ բռնցքամարտիկների հետ է հարկավոր պայմանագիր կնքել:
- Հիմնական պահանջը՝ բռնցքամարտիկն ինչ փորձ և արդյունքներ ունի սիրողական մակարդակում: Որովհետև առանց սիրողական մակարդակում բազայի, շատ քիչ բռնցքամարտիկներ կարող են հաջողության հասնել: Մոտավորապես 2 տոկոս դեպքերում է այդպես լինում: Մեր հիմնական բազան սիրողական բռնցքամարտն է: Ունենք սկաուտներ, որոնք գնում են տարբեր երկրներ, տարբեր մրցաշարերի: Եթե որևէ մեկին առանձնացնում են, սկսում ենք համագործակցել:
- Կնշե՞ք այդպիսի մի քանի անուն, որոնք շատ խոստումնալից են և շուտով կարող են աշխարհի չեմպիոն դառնալ:
- Այդպիսիք շատ են, կարող եմ առանձնացնել հայերին: Էրիկ Իսրայելյանը շատ տաղանդավոր է: Վստահ եմ՝ նա կարող է չեմպիոն դառնալ, պարզապես պետք է նրան ճիշտ մշակել: Ունենք Ռաֆայել Հովհաննիսյան, որին հետևում եմ 5-6 տարի: Նա շատ մեծ պոտենցիալ ունի, ինչպես և Արթուր Բազեյանը: Կարող եմ նշել Հովհաննես Բաչկովին, որն իր դիրքն արդեն ունի պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Հիմնական կորիզը նրանք են: Ցավոք, Ռաֆայելն ու Արթուրը դեռ նորամուտը չեն նշել պրոֆեսիոնալ մակարդակում: Հիմա բռնցքամարտում պրոֆեսիոնալների տարիքային շեմը նվազել է: Նախկինում 20 տարեկան աշխարհի չեմպիոն չկար, հիմա կա: Լավ կլիներ, որ մեր տղաներն անցումն ավելի շուտ անեին, այդ թվում՝ սիրողական կարիերային զուգահեռ: Այդպես տարիներ չեն կորցնի: Բաչկովը հիմա 34 տարեկան է: Նա դեռ 5 մենամարտ է անցկացրել այն դեպքում, որ վաղ սկսելու դեպքում արդեն կարող էր չեմպիոն լինել:
- Այդ դեպքում ո՞րն է հայ բռնցքամարտիկի զարգացման օպտիմալ ճանապարհը:
- Յուրաքանչյուր բռնցքամարտիկի պետք է լավ թիմ՝ բանիմաց մարզիչ, գրագետ մենեջմենթ ու որակյալ պրոմոութեր: Եթե այդ ամենը կա, նա չի կարող հաջողության չհասնել: Միակ բացառությունը կարող է լինել այն դեպքում, եթե տվյալ բռնցքամարտիկը վատ մարդ է: Այսինքն՝ մարդկային ու սպորտային հատկանիշները պետք է բարձր լինեն:
- Հայաստանաբնակ բռնցքամարտիկը կարո՞ղ է ունենալ Ձեր նշած թիմը:
- Այո՛, ինչո՞ւ ոչ: Նախորդ 5 տարում Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացել է: Ինքներդ էլ կհաստատեք, որ այդ 5 տարում ավելի շատ շոուներ են եղել Հայաստանում, քան դրան նախորդած տարիներին: Պետք է նման խոշոր միջոցառումներ կազմակերպել, որպեսզի երիտասարդ բռնցքամարտիկներն իրենց դրսևորելու հնարավորություն ունենան: Պետք է տեսնեն լավի ու վատի տարբերությունը, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել:
- Արդյոք հնարավո՞ր է կրկնել հայ մյուս բռնցքամարտիկների հաջողությունները և տիտղոսներ նվաճել: Մենք տեսել ենք, թե ինչպիսի մեծագույն նվաճումների են հասել Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը... Կամ գործող բռնցքամարտիկներից տիտղոսներ են նվաճել Արսեն Գուլամիրյանը, Դավիթ Ավանեսյանը, Նոել Միքայելյանը, ինչպես նաև Յուրի Սակունցը, որը WBU, WBL և WBF վարկածներով աշխարհի չեմպիոն է:
- Յուրի Սակունցի տիտղոսները մյուսների նվաճումների հետ համեմատելն այնքան էլ տեղին չէ. բռնցքամարտում այդ տիտղոսներն անհայտ կազմակերպությունների են: Մենք արդեն խոսել ենք բռնցքամարտում 4 հիմնական կազմակերպությունների մասին, որոնք լավագույնն են: Կա 5-րդ կազմակերպությունը՝ IBO-ն, որը մեծ հեղինակություն է վայելում հատկապես Եվրոպայում և մոտ է հիմնական չորսին:
- Վերադառնանք հիմնական հարցին. որքանո՞վ է հնարավոր կրկնել չեմպիոն դարձած մեր բռնցքամարտիկների արդյունքները...
- Այդ հաջողությունները կրկնել հնարավոր է: Նշեցի Հովհաննես Բաչկովի մասին: Վստահ եմ՝ 2-3 մենամարտ հետո Բաչկովը հնարավորություն կունենա մենամարտելու աշխարհի չեմպիոնի կոչման համար: Կա Ժորա Համազարյանը, որը Grand Boxing-ի հետ պայմանագիր ուներ: Նա WBA-ի 2-րդ համարն էր, մենամարտեց Էլնուր Սամեդովի հետ, բայց, ցավոք, պարտվեց: Ժորան մեծ պոտենցիալ ունի, հուսով եմ՝ քամբեք կկատարի և կրկին կմասնակցի այդ մակարդակի մենամարտի: Էրիկ Իսրայելյանն էլ շատ երիտասարդ ու տաղանդավոր բռնցքամարտիկ է: Նա հիմա Կանադայում է և պայմանագիր է կնքել տեղի մենեջերական ընկերության հետ: Ապրիլին կկայանա նրա նորամուտը պրոֆեսիոնալ մակարդակում: Սպասում եմ, որ Էրիկն իր անունը լսելի կդարձնի բռնցքամարտի աշխարհում:
- Ի՞նչ վիճակում է այժմ հայկական օլիմպիական բռնցքամարտը:
- Լավ վիճակում է, ներդրումները շատ են, կարծում եմ՝ մոտ ապագայում ավելի լավ կլինի: 2025 թվականին 3-4 խոշոր մրցաշար կանցկացվի հենց Հայաստանում: Դա մեծ ազդակ է, որ հայկական բռնցքամարտը կարող է զարգանալ: Սպորտում փորձ ունենալը շատ կարևոր է, իսկ այն կարելի է ձեռք բերել միջազգային մրցաշարերով: Եթե այդ մրցաշարը տնային է, ապա կրկնակի մեծ հաջողութուն է:
- Իսկ ի՞նչ վիճակում է հայկական պրոֆեսիոնալ բռնցքամարտը:
- Եթե օլիմպիականը ես «լավ» որակեցի, ապա պրոֆեսիոնալը շատ լավ վիճակում է: Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհուրդը ջանք ու եռանդ չի խնայել՝ բռնցքամարտի շոու կազմակերպելու, արտասահմանում ելույթ ունեցող հայերի հետ համագործակցելու միջոցով նրանց ներգրավելու համար, որ նրանք ներկայացնեն Հայաստանն ու արտոնագրվեն Հայաստանում: Նախկինում մեր երկիրն այդպիսի արտոնագիր չուներ, իսկ հիմա ունի, և դա Լևոն Ավետիսյանի շնորհիվ է: Ունենք թիմ, ամեն ինչ կատարյալ է աշխատում:
Լավ կլիներ հովանավորներն ավելի շատ աջակցեին, որպեսզի ավելի շատ միջազգային մրցաշարեր կազմակերպեինք: Մենք ակնկալում ենք, որ մարդիկ, որոնք համապատասխան գիտելիքներ ունեն, կմիանան մեզ, և միասին կօգնենք զարգացնել բռնցքամարտը Հայաստանում: