Վերջին շրջանում ռուսական ֆուտբոլում մեծ թափ է հավաքում Մեդիալիգա սիրողական մրցաշարը, և այն ինչ-որ առումով սկսել է առնչվել նաև հայկական ֆուտբոլի հետ։
Ինչ է Մեդիալիգան
Մեդիալիգան ֆուտբոլի սիրողական մրցաշար է, որին հիմնականում մասնակցում են մեդիայում հայտնի անձիք, բլոգերներ, հումորիստներ, երգիչներ, դերասաններ, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստներ, կամ էլ խաղացողներ, որոնք իրենց չեն կարողանում գտնել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Ռուսական Մեդիալիգան ունի հովանավոր՝ տեղական հայտնի բուքմեյքերական ցանցերից մեկը, որի շնորհիվ էլ մրցաշարը գոյություն ունի: Արդեն տեղի է ունեցել Մեդիալիգայի երկու մրցաշրջան, այժմ ընթացքի մեջ է երրորդը: Լիգան աստիճանաբար ավելի մասսայական է դառնում, սկսել է գրավել վետերան ֆուտբոլիստներին: Լիգան աչքի է ընկնում նրանով, որ այստեղ շատ է այսպես կոչված «թրեշ թոքը»՝ սկանդալներ, վիրավորանքներ, այն ամենը, ինչ հատուկ է, օրինակ, պրոֆեսիոնալ բռնցքամարտին կամ MMA-ին: Այստեղ մտնող ցանկացած անձ պետք է պատրաստ լինի դրան: Նոր մրցաշրջանում ակումբները 16-ն են, և նրանք տարբեր խնդիրներ են լուծում։ Այստեղ է, օրինակ, ճանաչված մեկնաբան Վասիլի Ուտկինի «Էգրիսին» թիմը, որը նպատակ ունի շանս տալ ֆուտբոլից դուրս մնացած խաղացողների, գործող չեմպիոնն է 2Drots-ը, որն այս տարի ընկերական խաղում նույնիսկ հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու այժմ էլ պատրաստվում է Ռուսաստանի գավաթի խաղարկությանը, «Ամկալում» շատ են մեդիադեմքերը, և հենց այդ թիմի հիմնադիր Գերման «Էլ Կլասիկոն» մեծ ներդրում ունի ռուսական մեդիաֆուտբոլի կայացման գործում, նորաստեղծ FC10-ը ստեղծվել է ռուս հումորիստների կողմից, և նրանք նպատակ չունեն մտնել այդ «թրեշ թոքի» մեջ, փոխարենը իրենց յութուբյան էջում փորձում են մասսայականացնել մեդիաֆուտբոլը՝ հենց հումորիստների հետ զվարճալի կոնտենտ պատրաստելով: «Բրոուկին» հիմնադրել է ռուս սկանդալային մարզական լրագրող Դմիտրի Եգորովը, «Ռոդինա Մեդիան» պատկանում է ռեփեր Տեկիլային ու հայտնի ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովին, «Բեյ Բեգին» ստեղծել են Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Գեորգի Ջիկիան ու Ալեքսանդր Սոբոլևը, և նրանք խոստանում են, որ թիմի կազմում մի օր կխաղա մոսկովյան ակումբի հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը:
Մեդիալիգայի կանոնները մի փոքր տարբերվում են ֆուտբոլային հիմնական օրենքներից: Այստեղ թույլատրված է խաղի ընթացքում մեկ անգամ թայմ-աութ վերցնել, գործում է «Արսեն Վենգերի խաղից դուրսի» օրենքը (հարձակվողը պետք է ոչ թե մարմնի ցանկացած մասով առաջ լինի մրցակցից, այլ ամբողջ մարմնով): Խաղի ընթացքում թիմերից յուրաքանչյուրը կարող է պահանջել, որ գնդակը փոխվի ու խաղը 3 րոպեով շարունակվի կարմիր գնդակով, ու եթե այդ ընթացքում թիմերից մեկը գոլ խփի, այն երկուսի տեղ են հաշվում:
Մեդիալիգայում շատ են Ռուսաստանի տարբեր դիվիզիոններում խաղացած նախկին ու գործող ֆուտբոլիստները՝ սկսած Պրեմիեր լիգայից, վերջացրած՝ սիրողական լիգայի նախկին խաղացողներով: Այստեղ կարելի է տեսնել, օրինակ, Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին ու Պավել Պոգրեբնյակին, բելառուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբի եղբորը՝ Վյաչեսլավին, շուտով նրանց կարող է միանալ հենց Ալեքսանդր Գլեբը: «Սախալինեցում» խաղում է սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնին, ՖԿ10-ում՝ հայտնի հումորիստներ Ազամատ Մուսագալիևը, Դենիս Դորոխովը, Իվան Աբրամովը…
Քիչ չեն նաև Հայաստանի առաջնությունում խաղացած ռուս ֆուտբոլիստները, ընդ որում, ոմանք, ինչպես, օրինակ Պյոտր Տենը հայտնվում են այստեղ միանգամից Հայաստանից մեկնելուց հետո: Մեդիալիգայում կարող ենք տեսնել «Միկայի» նախկին խաղացողներ Օլեգ Ինկինին և Անդրեյ Բելոմիտցևին, «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») և «Ուլիսի» նախկին կիսապաշտպան Նիկա Պիլիևին, «Բանանցում» խաղացած Լայոնել Ադամսին: Շատ են նաև հայ ֆուտբոլիստները՝ գրեթե յուրաքանչյուր թիմում: Նրանց անուններից շատերը հայ ֆուտբոլասերին ոչինչ չեն ասում, քանի որ ելույթ են ունեցել Ռուսաստանի ցածր լիգաներում: Goats-ում է Անդրեյ Վանյանը, ՖԿ10-ում Պյոտր Տենի ու հայտնի հումորիստների կողքին խաղում են Մարտուն Աբովյանն ու Ալբերտ Մինասյանը, «Ֆայթ Նայթսում» Պավլյուչենկոյի թիմակիցներն է Արսեն Ակոպովը, Դավիթ Ջիչոյանը, Նորիկ Ավդալյանը, իսկ նրանց մարզում է Արամ Հայրապետյանը (չշփոթել հավաքականի նախկին դարպասապահի հետ):
«Деньги» թիմում են նախկինում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում խաղացած Սարգիսջան Գրիգորյանը, Պապին Ղազարյանը, Սեյրան Մալխասյանը և Արթուր Մարտիրոսյանը, «Ամկալում»՝ Ֆելիքս Քարամյանցն ու Էրիկ Թովմասյանը, «Տիտանում» կարելի է տեսնել Արթուր Թավուզյանին և Էդգար Մարությանին, «Սախալինեցում»՝ Դավիթ Աղեկյանին, «Բրոուք Բոյզում»՝ Էդուարդ Սարգսյանին ու Դավիթ Շահումյանին, «Դրուժինայում»՝ Էդուարդ Բաղդասարովին, «Матч ТВ»-ի թիմում հայտնի մեկնաբանների կողքին ելույթ է ունենում Արտակ Քաջիկի Գրիգորյանը, իսկ Արթուր Բեգլարյանն ու Կարեն Հարությունյանը 2Drots-ի կազմում դարձել են Մեդիալիգայի հաղթող։
Այդ անունները դժվար թե ծանոթ լինեն հայ ֆուտբոլասերների լայն շրջանակին, թերևս միայն Նորիկ Ավդալյանն է կապ ունեցել հայկական ֆուտբոլի հետ։ Նա խաղացել է Կազանի «Ռուբինի» երիտասարդական թիմում, Երևանի «Արարատի» ու «Բանանցի» երկրորդ թիմերում, Երևանի «Տորպեդոյում», բայց հայտնի է դարձել իրացրած օրիգինալ 11-մետրանոցի շնորհիվ: 2018-ին Ավդալյանը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի խաղերից մեկում 11-մետրանոցն իրացնելիս հարվածի պահին սալտո էր կատարել, և հոլովակը տարածվել էր ամբողջ աշխարհով: Նման հնարք Ավդալյանն արդեն կիրառել է նաև Մեդիալիգայի երկրորդ առաջնությունում՝ ելույթ ունենալով «Ռուբին» թիմի կազմում (չշփոթել Կազանի «Ռուբինի» հետ):
Սակայն այս անուններից զատ կան նաև անուններ, որոնք անմիջականորեն կապված են հայկական ֆուտբոլի, որոշ դեպքերում նաև՝ Հայաստանի հավաքականի հետ:
«Միկայի» նախկին սպորտային տնօրենը՝ «Բրոք Բոյզում»
Արտյոմ Խաչատուրյանը հայտնի անձ է ռուսական ֆուտբոլում: Աշխատել է որպես սկաուտ Մոսկվայի «Սպարտակում», իսկ 2009-ին ստեղծել էր «Կվազար» ակումբը, որը ելույթ էր ունենում սիրողական լիգայում: Խաչատուրյանը կարողանում էր գտնել ֆուտբոլիստների, որոնց վրա «խաչ էին քաշել» հարազատ ակումբներում, ընդգրկում էր նրանց «Կվազարում», խաղային պրակտիկա տրամադրում, ու նրանցից շատերը կարողանում էին վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ոմանք էլ՝ նույնիսկ հասնել Ռուսաստանի հավաքականի մակարդակի (օրինակ՝ Իլյա Սամոշնիկովը): Հայ մասնագետը հայտնի է Թվիթերում ու Տելեգրամում արած աղմկահարույց գրառումներով, որտեղ շատ են քննադատությունները՝ ուղղված ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչներին՝ ղեկավարներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին:
2014-ին Խաչատուրյանի «Կվազարի» ֆուտբոլիստների մեծ մասը գործակալ Վալերի Հովհաննիսյանի թեթև ձեռքով տեղափոխվեց իր ղեկավարած Երևանի «Ուլիս»: 2016-ին նա առաջարկ ստացավ Երևանի «Միկայից», որը կործանման եզրին էր, իր ֆուտբոլիստներով ժամանեց Երևան, կես մրցաշրջան անցկացրեց «Միկայի» սպորտային տնօրենի պաշտոնում, բայց հետո ակումբը փոխեց քաղաքականությունը։ Խաչատուրյանը հեռացավ, կես տարի անց էլ դադարեց գործել «Միկան»:
2018-ին Խաչատուրյանը Վալերի Հովհաննիսյանի հրավերով սկսեց զբաղվել Մոսկվայի «Արարատի» երիտասարդական թիմի սելեկցիայով, սակայն հեռացավ այնտեղից, քանի որ խաղերի ժամանակ Հովհաննիսյանի բարեկամները տրիբունայից ցուցումներ էին տալիս մարզիչներին։ Նա վերադարձավ ու սկսեց զբաղվել Մոսկվայի «Արարատի» հիմնական թիմի կազմի հարցերով, բայց այդ նախագիծն էլ շուտով փակվեց:
Այժմ Արտյոմ Խաչատուրյանը զբաղեցնում է Մեդիալիգայի «Բրոուք Բոյզ» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը: Ընդ որում, 2022-ին նա հեռացավ ակումբից, բայց նոր մրցաշրջանից առաջ նորից վերադարձել է: Խաչատուրյանի սոցցանցերն ամբողջությամբ համապատասխանում են Մեդիալիգայի ձևաչափին. նա չի վախենում մտնել «թրեշ-թոքի» մեջ, ազատ քննադատում է մրցակիցներին, հաճախ է լինում յութուբյան քննարկումներին, մասնակցում է նաև լիգայի յութուբյան էջի տարբեր նախագծերի (վերջերս «Բրոուք Բոյզի» մի քանի այլ ներկայացուցիչների հետ հաղթել է ինտելեկտուալ մրցույթում): Թվում է՝ Խաչատուրյանի համար Մեդիալիգան իդեալական տեղ է, սակայն ինքը դրա հետ դժվար համաձայնվի, քանի որ իր նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլում աշխատելն է:
Հեռանկարային դարպասապահները Մեդիալիգան նախընտրում են Հայաստանի առաջնությունից
«Բաս» ֆուտբոլային ակումբում, որը գլխավորում են Ռուսաստանում հայտնի Գատագով եղբայրները («Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Սոսլանը թիմի հիմնադիրն է, նրա եղբայր Ալանը՝ գլխավոր մարզիչը), ընդգրկված են 4 հայ ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Հովհաննես Խաչատրյանը, հարձակվող, «Լոկոմոտիվի» սան Էմիլ Պետրոսյանը, ինչպես նաև երկու դարպասապահներ՝ Գրիգորի Մաթևոսյանն ու Հովհաննես Սուքիասյանը: Վերջին երկուսը նույնպես ռուսական ֆուտբոլի սաներ են, բայց բավականին վաղ տարիքում հայտնվել էին Հայաստանում:
Գրիգորի Մաթևոսյանի հետ երկրպագուները նույնիսկ որոշակի հույսեր էին կապում. երիտասարդ ֆուտբոլիստը դարպասապահի հիանալի տվյալներ ունի: 19 տարեկանում նա ժամանեց Հայաստան ու միացավ «Ուրարտուին»՝ դառնալով երկրորդ թիմի հիմնական դարպասապահը: 2021-ին Մաթևոսյանը տեղափոխվեց Երևանի «Նոա», որտեղ դարձավ հիմնական դարպասապահ, նա նաև խաղացել էր Հայաստան Մ19 հավաքականում, իսկ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր երիտասարդական հավաքական: Թվում էր՝ այս տեմպով շարունակելու դեպքում Գրիգորին կարող է ապագայում ազգային հավաքականն էլ համալրել, սակայն 2021/22 մրցաշրջանից հետո նա վերադարձավ Ռուսաստան: Կային խոսակցություններ, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Առաջին դիվիզիոնի մի քանի ակումբներ, բայց սեպտեմբերին տեղեկություն ստացվեց, որ «Գրիշան», որը Մեդիալիգայում խաղում է «Կուրտուա» մականունով, համալրել է Մեդիալիգայի «На Спортe» թիմի շարքերը:
Էլ ավելի տարօրինակ էր այդ թիմում տեսնել «Փյունիկի» Մ18 թիմի նախկին դարպասապահ 17-ամյա Հովհաննես Սուքիասյանին: Տպավորություն է, որ Սուքիասյանը Մաթևոսյանի հետ միասին է փոխում ակումբները: Նա նույնպես Մաթևոսյանի հետ միասին հայտնվեց «На Спорте»-ում, իսկ 2023-ից սկսեց խաղալ FC Bus-ում: Հայկական ֆուտբոլում դարպասապահների մեծ խնդրի առկայության պարագայում երկու երիտասարդ դարպասապահ ռուսական սիրողական Մեդիալիգան նախընտրում Հայաստանի առաջնությանից, և դա չի կարող չմտահոգել:

Սարկիսովը կարիերայի ավարտից հետո հաճելի զբաղմունք է գտել
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը նախորդ տարի ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, իսկ 2023-ին սկսեց ելույթ ունենալ Մեդիալիգան ներկայացնող Goats թիմում: Սարկիսովն այդ թիմի ավագն է, հարձակման առաջատարը, և, իհարկե, ցանկացած պարագայում հաճելի է հետևել Արթուրի խաղին, նույնիսկ՝ սիրողական լիգայում: Նախորդ տարի Հայաստանի ու Վրաստանի լեգենդների խաղում 36-ամյա հարձակվողը ցույց տվեց, որ դեռ փայլուն մարզավիճակում է, և իր հաճույքի, ինչու ոչ՝ նաև լրացուցիչ գումարի համար Մեդիալիգայում կարող է լավ ելույթներ ունենալ:

Մեդիալիգան Գրիգորյանի համար չէ
Թվում է՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի համար Մեդիալիգան հրաշալի վայր է, սակայն փորձառու մասնագետը դեռ ցանկանում է իր խոսքն ասել պրոֆեսիոնալ ֆուտբոլում: 2023-ի փետրվարի 11-ին նա գլխավորեց Մեդիալիգայի «Матч ТВ» թիմը, սակայն ուղիղ երկու ամիս անց հեռացավ:
«Ես ինձ այստեղ չեմ զգում որպես մարզիչ: Մարզիչը պետք է ամեն օր մտածի թիմի ու յուրաքանչյուր ֆուտբոլիստի մասին: Ես ուզում էի փորձել ու վստահ էի, որ կստացվի, բայց սա իմը չէ: Ես ինձ իսկապես մարզիչ չեմ զգում այստեղ»,- նշել էր Գրիգորյանը:
Հեռանալուց օրեր անց ռուսաստանցի մասնագետը գլխավորեց «խորտակվող» «Կուբանը», փրկեց նրանց Առաջին դիվիզիոնից դուրս մնալուց, այժմ էլ պատրաստում է թիմին նոր մրցաշրջանին։
Վերադարձի ճանապարհ չկա
Երբ Դավիդ Յուրչենկոն հեռացավ Երևանի «Փյունիկից» ու կարիերան շարունակելու այլ տարբերակ չգտավ, կարիերայի շարունակության համար ընտրեց Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» թիմը: Միգուցե 36-ամյա դարպասապահը դեռ կարող էր ելույթ ունենալ ավելի բարձր մակարդակով, սակայն Հայաստանում հարմար տարբերակ չգտավ, իսկ Ռուսաստանում նրա ծառայություններով առանձնապես հետաքրքրված չէին: Հայաստանի հավաքականի տեսանկյունից, իհարկե, սա կորուստ էր, քանի որ Յուրչենկոն նույնիսկ 36 տարեկանում ավելի ուժեղ էր հավաքականի մյուս դարպասապահներից, բայց կարիերայի տեսանկյունից, միգուցե, այլ ելք չկար: Հասկանալի է, որ Յուրչենկոյի առջև հավաքականի դռները փակվեցին. Մեդիալիգան չունի այն մակարդակը, որ այնտեղից ֆուտբոլիստ հրավիրվի ազգային հավաքական, թեև նման դեպքեր էլ կան (Տաջիկստանի հավաքականում կա Մեդիալիգայի ներկայացուցիչ): Բայց Հայաստանի հավաքականը չի կարող իր նպատակները լուծել Մեդիալիգայի ֆուտբոլիստներով: Այնպես որ, Յուրչենկոյի կարիերան հավաքականում, ամենայն հավանականությամբ, ավարտված է, քանի որ այդ տարիքում Մեդիալիգայից դեռ ոչ ոք չի վերադարձել:

Յուրչենկոյի հետ միասին «Բեյ Բեգիում» է խաղում նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը: Մոսկվայի «Սպարտակի» սանը, որը պատանի տարիքում հիանալի էր իրացնում տուգանային հարվածները, 18 տարեկանում տեղափոխվեց «Փյունիկ», խաղաց նաև «Ուլիսում», «Գանձասարում», Երևանի «Արարատում», Ռուսաստանի Առաջին ու Երկրորդ դիվիզիոնների մի շարք ակումբներում, այդ թվում՝ Մոսկվայի «Արարատում», այսինքն՝ գրեթե բոլոր թիմերում, որոնց հետ երբևիցե կապ է ունեցել գործակալ ու ֆուտբոլային գործիչ Վալերի Հովհաննիսյանը: 2020-ին նա ավարտել էր կարիերան, ու այժմ իր ուժերն է փորձում Մեդիալիգայում:
«Բեյ Բեգին» Յուրչենկոյի ու Ալեքսանյանի օգնությամբ երրորդ մրցաշրջանում հասավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց «Ռոդինային», ու այժմ պատրաստվում է երրորդ տեղի խաղին:
Տաղանդավոր պաշտպանին պետք է դուրս բերել ճահճից
Այլ հարց է Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանը: Կենտրոնական պաշտպանի համար ֆանտաստիկ տվյալներով ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, այդ ակումբի երիտասարդական թիմի խաղացող էր, երբ 2022-ին առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի Մ19 հավաքական, այնտեղ նույնիսկ ավագի թևկապ ստացավ ու վերադարձավ հիանալի տպավորություններով, ինչի մասին պատմեց իր սոցցանցերում: Հավաքականից վերադառնալուց հետո Կրմզյանը փոխեց ակումբային գրանցումը` տեղափոխվելով «Սոչի», որի երիտասարդական թիմի կազմում վստահ խաղ էր ցուցադրում մինչև խաչաձև կապանների վնասվածքը: Լուրջ վնասվածքից ապաքինվելուց հետո պաշտպանը դուրս մնաց «Սոչիի» կազմից, ու Մեդիալիգան ներկայացնող 2Drots-ի հրավերով միացավ այդ թիմին։ Հարցն այն է, որ Պողոսը ծանոթ է այդ թիմի անդամներին, կազմում ընդգրկված է եղել նաև Մեդիալիգայի առաջին մրցաշրջանում։ Ձմռանը նա մասնակցեց թիմի հավաքներին, իսկ մայիսին սկսեց խաղալ առաջնությունում, ընդ որում, նրա պատճառով թիմը գոլ բաց թողեց ու պարտվեց FC Bus-ին։

Այդ խաղից հետո Կրզմյանի հասցեին քննադատություններ հնչեցին թիմի երկրպագուներից, և Պողոսը, որը ելույթ է ունենում «Օդուվան» մականունով, իր տելեգրամյան ալիքում երկար ու էմոցիոնալ տեքստ գրեց՝ ընդունելով իր մեղավորությունը ու նաև պատմելով, թե ինչ դժվար ճանապարհ է անցել վնասվածքից ապաքինվելուց հետո, սակայն օրեր անց հեռացրեց այդ գրառումը։ Առհասարակ, «Օդուվանը», որը սովորաբար շատ ակտիվ է սոցցանցերում, արդեն մեկ ամսից ավելի ոչ մի գրառում չի կատարել։ Ավելին, թիմի վերջին խաղերում ֆուտբոլիստն ընդհանրապես չկար:
Ցավոք, տպավորությունն այնպիսին է, որ Կրմզյանը հոգեբանորեն պատրաստ չէ մեծ ֆուտբոլ վերադառնալուն։ Նա իր հարցազրույցներում ու գրառումներում վերադարձի մասին նշում է, որ դեռ չգիտի, միգուցե ամռանը կփորձի թիմ գտնել։ Ցավալի կլինի, եթե նման տվյալներով պաշտպանն ավարտի կարիերան այդքան վաղ։ Հայաստանի Մ19 հավաքականում նրա նախկին թիմակից Սերգեյ Մուրադյանը, «Զենիթի» երիտասարդական թիմից տեղափոխվելով Հայաստանի առաջնություն, արժանացավ հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությանը, Ռուսաստանի երիտասարդական լիգայում Կրմզյանի հետ խաղացած Գեորգի Հարությունյանն ընդհանրապես արդեն ազգային թիմի հիմնական կազմի խաղացող է։
Համենայնդեպս, երիտասարդ ֆուտբոլիստների համար Մեդիալիգան կարող է ճահիճ լինել։ Ճիշտ է, Մեդիալիգայից երիտասարդ ֆուտբոլիստ արդեն հայտնվել է Ռուսաաստանի Պրեմիեր լիգայում, իսկ Տաջիկստանի հավաքականն իր կազմում նույնիսկ Մեդիալիգայից խաղացող ունի, սակայն մեծ հաշվով պարզ է, որ այստեղ խաղացողների բացարձակ մեծամասնությունը ֆուտբոլային հեռանկարներ չունի։ Միգուցե, հայկական թիմերից մեկը ռիսկի գնա ու շանս տա Պողոսին, և վերջինս կարողանա անցնել Մուրադյանի ճանապարհով։ Այլապես, ցավալի կլինի նման տվյալներով պաշտպանին կորցնելը։


