Logo

Գոռ Մինասյան. «Բահրեյնի առաջարկած պայմաններից գոհ եմ, Հայաստանին առնչվող որևէ խնդիր չկա»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:25 / 21.10.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Ծանրամարտի Բահրեյնի հավաքականում նորամուտը տպավորիչ հաղթանակով նշած օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը ջերմ ընդունելության է արժանացել նոր թիմում։

Ասիայի չեմպիոն հռչակված առաջին հայ ծանրորդը VNews-ի հետ հարցազրույցում ներկայացրել է իր հաղթանակի, ինչպես նաև մարզական քաղաքացիության փոփոխության ու Բահրեյնի ծանրամարտի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագրի որոշ մանրամասներ։ Բահրեյնում կայացած մրցաշարի գերծանր քաշային կարգում (+109 կգ) 27-ամյա գյումրեցին Ասիայի ռեկորդ էր սահմանել երկամարտում ու պոկում վարժությունում և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ծանրորդին։

- Գրանցեցիք ձեր լավագույն արդյունքներին մոտ ցուցանիշներ։ Մասնակցեցի՞ք ուժերի առավելագույն ներդրմամբ, թե՞ խնայողությամբ։

- Թերևս, մասնակցեցի ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ, որովհետև ծնկի վնասվածքի պատճառով չէի հասցրել լավագույն մարզավիճակ ձեռք բերել։ Մարզվել էի ընդամենը մեկ ամիս, բայց պատրաստականությանս համեմատ շատ լավ հանդես եկա։

- Նախապես տեղյա՞կ էիք, որ պոկում վարժությունում ձեր պատվիրած կիլոգրամները ռեկորդային են Ասիայի առաջնությունում։

- Այդ մասին իմացա մարզադահլիճի լուսատախտակին ներկայացված տեղեկատվությունից։ Ելույթս իրոք հաջողված էր։ Սահմանեցի երեք ռեկորդ՝ պոկում վարժությունից (205 և 210 կգ) և երկամարտում (452 կգ)։ Հրում վարժությունում արդյունքս (242 կգ) ռեկորդից պակաս էր 8 կիլոգրամով։

- Ի՞նչ տպավորություններ ունեք Ասիայի առաջնությունից։

- Մրցումները կազմակերպված էին շատ հետաքրքիր ու անցկացվեցին բարձր մակարդակով։ Մրցակիցներս անծանոթ չէին՝ աշխարհի առաջնություններում բոլորի հետ էլ ունեցել եմ մրցելու առիթ։ Չէի ասի, թե մրցակցությունը շատ ուժեղ էր, բայց ամեն դեպքում նշանակալի մրցաշար էր՝ պատասխանատվությունը մեծ էր։

- Կարո՞ղ եք համեմատել Եվրոպայի և Ասիայի առաջնությունները։

- Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունն ավելի ուժեղ է, քանի որ դրան մասնակցում է մեր քաշային կարգի ընդգծված առաջատար Լաշա Տալախաձեն։

- Ինչպե՞ս ստացվեց ձեր տեղափոխությունը Բահրեյնի հավաքական։

- Սկզբում նրանք կապ հաստատեցին ինձ հետ, այնուհետև քննարկումները շարունակվեցին երկու երկրների ծանրամարտի ֆեդերացիաների մակարդակով՝ Հայաստանի հավաքականի մարզչական կազմի հետ խորհրդակցելով։

- Սա սովորական մարզական գործընթա՞ց է, թե՞ այնուհանդերձ պայմանավորված է այլ գործոններով։

- Հավատացնում եմ՝ Հայաստանի հավաքականի կամ ֆեդերացիայի հետ կապված որևէ խնդիր չկա։ Դա ընդունված կարգ է սպորտում՝ արտառոց որևէ բան չկա։ Հայաստանի հավաքականում մնալու դեպքում չէի կարողանալու մասնակցել Օլիմպիական խաղերին։ Մինչդեռ, հենց դա է իմ գլխավոր նպատակը։ Այնպես որ, Հայաստանին առնչվող որևէ խնդիր չկա և չի կարող լինել։ Ավելին՝ խորապես շնորհակալ եմ ինձ մշտապես աջակցած Հայաստանի ղեկավարությանը, սպորտի նախարարությանը, Ազգային օլիմպիական կոմիտեին, ծանրամարտի ֆեդերացիային, բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ եղել են կողքիս ու նպաստել մարզական հաջողություններիս կայացմանը։

- Ի՞նչ հիմունքներով եք ելույթ ունենալու Բահրեյնի հավաքականում, պայմանագիր կնքե՞լ եք։

- Այո, պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով՝ մինչև 2024 թվականի Օլիմպիական խաղերը։ Անշուշտ, փաստաթղթում ներառված է նաև ֆինանսական բաղադրիչը։ Այն նախատեսում է աշխատավարձ և հավելավճարներ, որոնք վճարվելու են պայմանագրի գործողության ամբոողջ ընթացքում։ Առաջարկված պայմաններից գոհ եմ։ Գնահատվելու է յուրաքանչյուր մրցման ընթացքում գրանցված արդյունքը։ Բահրեյնում, ինչպեսև Հայաստանում, նախատեսված է պետական պարգևավճար։ Բահրեյնն է հոգալու նաև հավաքներին մասնակցելու և մրցումների մեկնելուս բոլոր ծախսերը։ Շարունակելու եմ բնակվել և մարզվել Հայաստանում, այստեղից էլ միանգամից մեկնելու եմ մրցավայր։ Օրինակ, հենց այստեղից եմ ուղևորվելու Կոլումբիա, որտեղ դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու աշխարհի առաջնությունը։

- Անձնական մարզիչ ունենալո՞ւ եք։

- Անձնական մարզիչ նախատեսված չէ։ Կա միայն հավաքականի մարզիչ։ Այս առաջնությանն էլ մեկնել էի Փաշիկ Ալավերդյանի հետ, որը Բահրեյնի հավաքականում կատարելու է խորհրդականի գործառույթներ։ Նա պետք է օգնի թիմին, խորհուրդ տա, թե մարզիկների հետ ինչպես է պետք աշխատել մրցումների ընթացքում։

- Այսինքն, նա աշխատելու է Բահրեյնի հավաքականի բոլո՞ր ծանրորդների հետ։

- Ոչ, աշխատելու է միայն ինձ հետ։ Ինձ է խորհուրդներ տալու։ Իսկ մնացածը պարզ կլինի ընթացքում։

- Ինչպե՞ս ձեզ ընդունեցին թիմում։

- Շատ լավ։ Թիմում արդեն գիտեին, որ հանդես եմ գալու իրենց հավաքականում։ Կարելի է ասել՝ ջերմ, ընտանեկան մթնոլորտ էր։ Շփման խնդիր ընդհանրապես չառաջացավ։ Ամեն ինչ շատ հրաշալի էր։ Ինձ բացարձակապես չզգացի օտար՝ մարզչական անձնակազմը և մարզիկներն անչափ դրական էին տրամադրված։

- Հասցրեցի՞ք պատկերացում կազմել Բահրեյնում ծանրամարտի մակարդակի մասին։

- Այդ երկրում ծանրամարտը չունի լուրջ ավանդույթներ, որովհետև չկան համապատասխան կարգի մասնագետներ, որոնք կարող են ուժեղ մարզիկներ պատրաստել։ Չունեն նաև անհրաժեշտ ենթակառուցվածք՝ առկա է մարզադահլիճների խնդիր։

- Փաստորեն, այսուհետ պայքարելու եք նաև Հայաստանի հավաքականում ձեր նախկին թիմակիցների դեմ։ Հոգեբանորեն պատրա՞ստ եք նման մրցակցության, ինչպե՞ս եք պատկերացնում այն։

- Անկեղծ ասած՝ մինչև այժմ մեր միջև երբեք չի ծավալվել ներքին մրցակցություն։ Հիմա էլ ինձ համար դա էական չէ, որովհետև նախկինում հաճախ են եղել իրավիճակներ, երբ միջազգային ասպարեզում թիմակիցներիս հետ մրցելով եմ պայքարել մրցանակային տեղերի համար։ Նման պայքար, իհարկե, հնարավոր է, բայց մրցումն էլ նախատեսված է հենց ուժերը չափելու համար։ Կարող եմ ասել, որ շարունակելու եմ ելույթ ունենալ ուժերիս սահմաններում։

- Ինչպե՞ս եք պատրաստվում աշխարհի առաջնությանը, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ մրցումից։

- Պատրաստվելու եմ սովորականի պես և, ինչպես նշեցի, մարզումներս անցկացնելու եմ Հայաստանում։ Այս պահին վնասվածք չունեմ և դարձյալ պայքարելու եմ մեդալների համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ