Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում «Փյունիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով պարտության մատնեց Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին» և առաջին 3 միավորը վաստակեց:
VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում առաջին հաղթանակը տարավ, որը 2-րդն էր եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում: Մինչև այդ, փյունիկցիներին հաջողվել էր հաղթել միայն Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հյուրընկալվելիս առավելության հասնելով 4-1 հաշվով: Մնացած 4 խաղերն ավարտվել են ոչ-ոքի, նույնքան անգամ էլ «Փյունիկը» պարտվել է: Անցկացրած 10 հանդիպումներում Հայաստանի չեմպիոնն 9 գոլ է խփել, բաց է թողել 14 գնդակ:
2. «Սլովանի» հետ հանդիպումը եվրագավաթներում «Փյունիկի» հոբելյանական՝ 70-րդ խաղն էր: «Փյունիկը» 19-րդ հաղթանակը տոնեց: Մնացած հանդիպումներից 16-ում գրանցվել է ոչ-ոքի, 35-ում երևանյան ակումբը պարտվել է, խփել է 66 գոլ, բաց թողել 120 գնդակ:

3. «Փյունիկի» հաղթանակն առաջինն էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարին մասնակցած հայկական երկու ակումբների անցկացրած 8 հանդիպումներում: Մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, 6-ում հայկական թիմերը պարտվել են: Հայաստանի ներկայացուցիչները խփել են 7 գոլ, բաց են թողել 18 գնդակ:
Ընդհանուր առմամբ Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում ելույթ ունեցած հայկական 6 ակումբները միասին անցկացրել են 22 խաղ, որից միայն 4-ում են հաղթել, 6-ն ավարտել են ոչ-ոքի, 13-ում պարտվել են, խփել են 20 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 41 գնդակ:
4. «Փյունիկ» - «Սլովան» հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբների մասնակցությամբ անցկացված 16-րդ խաղն էր: Հայկական թիմերը 3-րդ հաղթանակը տոնեցին: Մնացած խաղերից 6-ում Հայաստանի ներկայացուցիչները պարտվել են, 7-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել են 13 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ:

5. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» վերջապես բացեց գոլերի հաշիվը սեփական դաշտում՝ ընդհատելով 394 րոպե տևած գոլային երաշտը: Հիշեցնենք, որ ռումինական «Կլուժի» և մոլդովական «Շերիֆի» հետ անցկացրած երևանյան հանդիպումներում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» (0-1) և սերբական «Ցրվենա Զվեզդային» (0-2) փյունիկցիները սեփական դաշտում պարտվել էին «չոր» հաշվով:
6. «Փյունիկը» եվրագավաթներում 2-րդ անգամ մրցեց «Սլովանի» հետ: Մրցակիցների առաջին դիմակայությունը տեղի էր ունեցել 2017-18թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում և չափազանց անհաջող ելք էր ունեցել փյունիկցիների համար: 2017թ. հունիսի 29-ին «Փյունիկն» Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Երևանում մրցակցին զիջել էր 1-4 հաշվով: Ընդ որում, հաշիվը բացել էր «Փյունիկը» Պետրոս Ավետիսյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ: Հուլիսի 6-ին Բրատիսլավայում կայացած պատասխան խաղում «Սլովանը» հաղթել էր 5-0 հաշվով:

Դա եվրագավաթներում «Փյունիկի» կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն էր: Մինչև այդ, փյունիկցիները Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ նույնպիսի արդյունքով 2015-16թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում պարտվել էին նորվեգական «Մոլդեին»:
Հետաքրքիր է, որ 2017թ. «Սլովանի» հետ անցկացրած խաղերին «Փյունիկի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից մասնակցել է միայն Հովհաննես Հարությունյանը:
7. Սլովակիայի 4 ակումբների հետ անցկացրած 9 հանդիպումներում հայկական թիմերի օգտին ընդամենը 2-րդ հաղթանակը գրանցվեց: Նախկինում միայն «Միկային» էր հաջողվել հաղթել Սլովակիայի ներկայացուցչին: Դա տեղի էր ունեցել 2007-2008թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում, որում «Միկան» որակավորման 2-րդ փուլում Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթել էր «Արտմեդիային»:
5 անգամ հայկական թիմերը պարտվել են, 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Հայկական ակումբները խփել են 9 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 19 գնդակ:
8. Արտակ Դաշյանը 2-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ՝ խփելով եվրագավաթներում 4-րդ գնդակը: Նա «Բազելի» հետ խաղում էր բացել «Փյունիկի» եվրագավաթային հանդիպումներում իր գոլերի հաշիվը: Դաշյանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում գոլ խփած միակ հայ ֆուտբոլիստն է: Նա «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ժոզե Էմբալուի հետ 2 գնդակով Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի լավագույն ռմբարկուն է հայկական թիմերի ֆուտբոլիստների մեջ:

Դաշյանն ընդամենը մեկ գոլով է զիջում եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների լավագույն ռմբարկուներ, «Շիրակի» նախկին կիսապաշտպան Արարատ Հարությունյանին և «Արարատ-Արմենիայի» լեգեոնական Մաիլսոն Լիմային:
9. Յուսուֆ Օտուբանջոն եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլը խփեց: Նա իր գոլերի հաշիվը բացել էր Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի արտագնա խաղում: Նիգերիացի հարձակվողն ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ մրցակցի դարպասը գրավելով 30 տարեկան 3 օրականում:

10. Դավիթ Յուրչենկոն եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 4-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Եվրագավաթներում անցկացրած 13 հանդիպումներից 5-ում Յուրչենկոն գոլ բաց չի թողել: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Արարատի» նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանին: Նրանից ավելի շատ «չոր» խաղեր են անցկացրել միայն Գևորգ Կասպարովն (8) ու Օգնյեն Չանչարևիչը (6):


