Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը վերադարձել է Երևանի «Փյունիկ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2011-2016 թվականներին: Ոսկանյանը «Փյունիկի» կաազմում մասնակցել էր 170 հանդիպման, դարձել 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
Ոսկանյանը մինչև «Փյունիկ» վերադառնալը 6 տարի հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում»: Պաշտպանը Հայաստանի եռակի չեմպիոն է, մեկ անգամ՝ «Փյունիկի», երկու անգամ՝ «Ալաշկերտի» կազմում: Նաև 4 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, երկու անգամ էլ՝ Սուպերգավաթը:
Ընդհանուր առմամբ՝ Ոսկանյանը Հայաստանի առաջնություններում մասնակցել է 321 հանդիպման:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2016-2018 թվականներին խաղացել է Կիպրոսում՝ պաշտպանելով «Կարմիոտիսայի» և «Նեա Սալամիսի» գույները:
Ֆոտո՝ «Փյունիկ»