Logo

Տարոն Ոսկանյանը ֆուտբոլային կարիերայում 500-րդ խաղն անցկացրեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:21 / 29.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Փյունիկի» հետ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղը «Գանձասարի» ավագ Տարոն Ոսկանյանի ֆուտբոլային հարուստ կարիերայում հոբելյանական՝ 500-րդ պաշտոնական հանդիպումն էր: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 18-րդ հայ ֆուտբոլիստը:

500 խաղերից  319-ը Ոսկանյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում, 37-ը՝ Հայաստանի գավաթի, 5-ը՝ Սուպերգավաթի, 44-ը՝ եվրոպական գավաթների մրցաշարերում, 46-ը՝ ՀՀ ազգային հավաքականում, 10-ը՝ երիտասարդական հավաքականում, 39-ը՝ արտերկրի Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից թիմերում:

Ընթացիկ մրցաշրջանում սա արդեն 2-րդ նմանատիպ իրադարձությունն է: Հիշեցնենք, որ առաջնության 10-րդ տուրում Չարենցավանում «Վանի» հետ կայացած խաղում նույնպիսի հոբելյան էր նշել «Փյունիկի» ավագ Էդգար Մալաքյանը: Հետաքրքիր է, որ 2024թ. դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ առաջնության խաղում այն ժամանակ «Փյունիկում» հանդես եկող Տարոն Ոսկանյանը մեկ այլ նշանակալի նվաճման էր հասել: Այդ օրը նա կրկնակի հոբելյան էր նշել՝ Fastex Պրեմիեր լիգայում 300-րդ խաղն ու «Փյունիկի» կազմում 150-րդ հանդիպումը:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տարոն Ոսկանյանը սկսել է «Փյունիկում», որի կազմում նորամուտը նշել է 2011թ. ապրիլի 2-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Այդ օրը Վարդան Մինասյանը 18-ամյա Տարոնին ընդգրկել էր թիմի մեկնարկային կազմում: Առաջին իսկ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստն իր հաստատուն տեղը գրավեց «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով առաջնության 28 հանդիպումներից 22-ին ու թիմակիցների հետ դարձավ արծաթե մրցանակակիր:

Հետաքրքիր է, որ մինչև «Փյունիկի» կազմում նորամուտը նշելը, Ոսկանյանը հասցրել էր իր առաջին տիտղոը նվաճել: «Փյունիկ-2»-ի սանն ընդգրկվել էր 2010թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայանալիք Սուպերգավաթի խաղին հայտավորված ֆուտբոլիստների ցանկում: Ճիշտ է, 17-ամյա Տարոնը խաղադաշտ դուրս չեկավ, սակայն «Փյունիկի» 2-0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ մրցակարգի համաձայն դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր:

«Փյունիկի» կազմում հաջորդ երկու սուպերգավաթների նվաճմանը Ոսկանյանն արդեն անմիջական մասնակցություն է ունեցել՝ մասնակցելով 2011թ. «Բանանցի» (3-0) և 2015թ. «Միկայի» (3-0) հետ կայացած վճռորոշ հանդիպումներին: 2013-2015թթ. Ոսկանյանը «Փյունիկի» կազմում դարձել է հանրապետության եռակի գավաթակիր, իսկ 2014/15թթ. մրցաշրջանում իր առաջին ոսկե մեդալն է նվաճել, հաջորդ տարի էլ արժանացել է բրոնզե մեդալի:

2015/16թթ. առաջնության ավարտից հետո Տարոն Ոսկանյանը տեղափոխվեց Կիպրոս, որտեղ մեկական մրցաշրջան անցկացրեց «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» թիմերում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 39 խաղ:

Կիպրոսից վերադառնալով Հայաստան, Տարոն Ոսկանյանն ընդունեց «Ալաշկերտի» հրավերը, ինչը նոր էջ էր արդեն զգալի փորձ ու վարպետություն ձեռք բերած ֆուտբոլիստի կարիերայում: «Ալաշկերտում» էլ նա հասավ նվաճումների՝ արժանանալով Հայաստանի կրկնակի չեմպիոնի տիտղոսին (2017/18, 2020/21թթ.), մեկական անգամ դառնալով ՀՀ գավաթակիր (2019թ.) ու սուպերգավաթակիր (2021թ.) և կրկնակի բրոնզե մրցանակակիր (2019/20, 2021/22թթ.):

2023/24թթ. առաջնության ավարտից հետո Տարոն Ոսկանյանն էլ «Ալաշկերտի» մի խումբ ֆուտբոլիստների հետ հեռացավ թիմից և 7-ամյա ընդմիջումից հետո վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում էլ նշեց իր կրկնակի հոբելյանը: Իսկ նոր մրցաշրջանը 32-ամյա ֆուտբոլիստը դիմավորեց ֆուտբոլային կարիերայում իր 3-րդ հայկական ակումբում՝ «Գանձասարում», որում նրան վստահեցին թիմի ավագի թևկապը:

Առաջիկայում Տարոն Ոսկանյանին ևս մեկ հաճելի իրադարձություն է սպասում: Առաջնությունում ևս երկու խաղի մասնակցելու դեպքում 32-ամյա Տարոնը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակը կհասցնի 321-ի և կգերազանցի Արտյոմ Ադամյանի տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 320 խաղ է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ