«Գանձասարի» դեմ Հայաստանի առաջնության 19-րդ տուրի մրցավեճում «Փյունիկի» պաշտպան Տարոն Ոսկանյանը կրկնակի հոբելյան նշեց՝ Fastex Պրեմիեր լիգայում անցկացնելով 300-րդ խաղն ու «Փյունիկի» կազմում 150-րդ հանդիպումը:
Հայաստանի առաջնությունների 33-ամյա պատմության ընթացքում Ոսկանյանը 300 խաղի սահմանագիծը հատած 19-րդ ֆուտբոլիստն է: Այս ցուցանիշին հասնելու համար «Փյունիկի» 31-ամյա ֆուտբոլիստից 13 մրցաշրջան պահանջվեց:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Տարոն Ոսկանյանը սկսել է «Փյունիկում», որի կազմում նորամուտը նշել է 2011թ. ապրիլի 2-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Այդ օրը Վարդան Մինասյանը 18-ամյա Տարոնին ընդգրկել էր թիմի մեկնարկային կազմում: Առաջին իսկ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստն իր հաստատուն տեղը գրավեց «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով առաջնության 28 հանդիպումներից 22-ին ու թիմակիցների հետ դարձավ արծաթե մրցանակակիր:
Հետաքրքիր է, որ մինչև «Փյունիկի» կազմում նորամուտը նշելը, Ոսկանյանը հասցրել էր իր առաջին տիտղոը նվաճել: «Փյունիկ-2»-ի սանն ընդգրկվել էր 2010թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» հետ կայանալիք Սուպերգավաթի խաղին հայտավորված ֆուտբոլիստների ցանկում: Ճիշտ է, 17-ամյա Տարոնը խաղադաշտ դուրս չեկավ, սակայն «Փյունիկի» 2-0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ մրցակարգի համաձայն դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր:
«Փյունիկի» կազմում հաջորդ երկու սուպերգավաթների նվաճմանը Ոսկանյանն արդեն անմիջական մասնակցություն է ունեցել՝ մասնակցելով 2011թ. «Բանանցի» (3-0) և 2015թ. «Միկայի» (3-0) հետ կայացած վճռորոշ հանդիպումներին: 2013-2015թթ. Ոսկանյանը «Փյունիկի» կազմում դարձել է հանրապետության եռակի գավաթակիր, իսկ 2014/15թթ. մրցաշրջանում իր առաջին ոսկե մեդալն է նվաճել, հաջորդ տարի էլ արժանացել է բրոնզե մեդալի:
2015/16թթ. առաջնության ավարտից հետո Տարոն Ոսկանյանը տեղափոխվեց Կիպրոս, որտեղ մեկական մրցաշրջան անցկացրեց «Կարմիոտիսա» և «Նեա Սալամիս» թիմերում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 39 խաղ:
Կիպրոսից վերադառնալով Հայաստան, Տարոն Ոսկանյանն ընդունեց «Ալաշկերտի» հրավերը, ինչը նոր էջ էր արդեն զգալի փորձ ու վարպետություն ձեռք բերած ֆուտբոլիստի կարիերայում: «Ալաշկերտում» էլ նա հասավ նվաճումների՝ արժանանալով Հայաստանի կրկնակի չեմպիոնի տիտղոսին (2017/18, 2020/21թթ.), մեկական անգամ դառնալով ՀՀ գավաթակիր (2019թ.) ու սուպերգավաթակիր (2021թ.) և կրկնակի բրոնզե մրցանակակիր (2019/20, 2021/22թթ.):
Նախորդ առաջնության ավարտից հետո Տարոն Ոսկանյանն էլ «Ալաշկերտի» մի խումբ ֆուտբոլիստների հետ հեռացավ թիմից և 7-ամյա ընդմիջումից հետո վերադարձավ հարազատ ակումբ, որի կազմում էլ նշեց իր նշանակալի հոբելյանը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում առաջինը 300 խաղի սահմանագիծը հատել է Հովհաննես Թահմազյանը: Նա երանելի բարձունքը հաղթահարել է 34 տարեկանում, 2004թ. հոկտեմբերի 23-ին`«Միկայի» կազմում մասնակցելով «Բանանցի» հետ հանդիպմանը: 3 տարի անց` 2007թ. հունիսի 18-ին «Ուլիսի» հետ մրցավեճում «Բանանցի» 37-ամյա պաշտպան Կարեն Սիմոնյանը նշեց 300-րդ խաղի հոբելյանը: Իսկ հոկտեմբերի 7-ին «Բանանցի» հետ կայացած խաղում 300-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ուլիսի» 33-ամյա կիսապաշտպան Տիգրան Հովհաննիսյանը:
Հետագա տարիներին հայկական ֆուտբոլի ևս 15 վետերանների հաջողվեց հատել 300 խաղի սահմանագիծը: Մինչև Տարոն Ոսկանյանի հոբելյան նշելը, վերջինն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանն էր, որը Fastex Պրեմիեր լիգայում 300-րդ խաղն անցկացրել էր այս տարվա հոկտեմբերի 22-ին «Շիրակի» հետ կայացած մրցավեճում:
FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում 300 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Մրցաշրջան |
1. Հովհաննես Թահմազյան |
461 |
1992-2011 |
2. Տիգրան Դավթյան |
409 |
1999-2014/15 |
3. Արտակ Գրիգորյան |
404 |
2008-2024/25 |
4. Հրայր Մկոյան |
369 |
2004-2013/14, 2017/18-2024/25 |
5. Սարգիս Հովսեփյան |
365 |
1992-1997, 2004-2012/13 |
6. Արթուր Քոչարյան |
357 |
1992-96/97, 1999-2003, 2006-2012/13 |
7. Գևորգ Կասպարով |
348 |
1997-2002, 2004-2006, 2008-2020/2021 |
8. Արտակ Եդիգարյան |
346 |
2007-2013/14, 2015/16-2024/25 |
9. Արարատ Հարությունյան |
336 |
1995-2012/13 |
10. Արսեն Ավետիսյան |
329 |
1999-2000, 2006-2011 |
11. Կարեն Ալեքսանյան |
324 |
1998-2004, 2008-2016/17 |
12. Արտյոմ Ադամյան |
320 |
2000-2012/13 |
13. Նորայր Գրիգորյան |
319 |
2001-2006, 2008-2016/17 |
14. Կարեն Սիմոնյան |
314 |
1992-1994, 96/97-2007 |
15. Կարեն Մուրադյան |
306 |
2011-2024/25 |
16. Տիգրան Հովհաննիսյան |
305 |
1992-2008 |
17. Արամ Բարեղամյան |
304 |
2005-2019/20 |
18. Գագիկ Դաղբաշյան |
301 |
2007-2014/15, 2016/17-2021/22, 2023/24 |
19. Տարոն Ոսկանյան |
300 |
2011-2015/16, 2017/18-2024/25 |