Logo

ԱմենաԱՄՆ. Համալսարանական բասկետբոլի արվեստը

Հեղինակ
Վահե Գևորգյան
01:00 / 28.02.2025Բասկետբոլ
Բացառիկ
null

Ամերիկյան սպորտային դպրոցն իր կառուցվածքով ու մեխանիզմով անգերազանցելի է: Դպրոցներում, քոլեջներում ու համալսարաններում են ծնվում NBA-ի, NHL-ի, NFL-ի ու MBL-ի ապագա աստղերը: Յուրաքանչյուր կրթական ծրագիր ճյուղավորվում է 2 մասի՝ ուսումնական ու սպորտային: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության թիմ ունի իր պատմությունը, ավանդույթներն ու առանձնահատկությունները:

Նահանգներում յուրօրինակ «Սպորտային Հոգվարթս» է ձևավորվել, որոշ համալսարանական թիմերում դավանում են թիմային բասկետբոլ, որոշները դասական մարզչական թիմեր են՝ յուրահատուկ ու էքսցենտրիկ գլխավոր մարզիչներով, մի քանիսն էլ ունեն հստակ ընդգծված առաջատար, որի շուրջ հավաքվում է թիմը:

FastNews-ն առանձնացրել է գլխավոր «բասկետբոլային դարբնոցները» և պատմում է դրանց առանձնահատկությունների ու այնտեղ խաղացող ապագա տաղանդների մասին:

«ԴՅՈՒԿ»

«Դյուկի» համալսարանը հիմնադրվել է 19-րդ դարում Հյուսիսային Կառոլինայի Դարեմ քաղաքում: Հիմնադիրները քվակերներն են՝ Անգլիայում ստեղծված բողոքականների խումբ, որի կարծիքով՝ անձի անհատական կատարելագործումից ու հավատքից է կախված, թե ինչպես կբարեփոխվի հասարակությունը: Մարտին Լյութերի և Ժան Կալվինի գաղափարակիցները, գաղթելով ԱՄՆ, հիմնադրեցին համալսարան, որտեղ շեշտը պետք է դրված լիներ բժշկության ու աստրոֆիզիկայի վրա: Համալսարանը հայտնի է իր նեոգոթիկ ոճի կառույցներով և տարածքը շրջապատող անտառով, որը «Դյուկը» կարծես կտրում է Դարեմ քաղաքից ու դարձնում առանձին, փոքրիկ քաղաք:

Տարիների ընթացքում համալսարանը հանրությանը հանձնեց ոչ միայն հայտնի շրջանավարտներ քիմիայի ու աստրոֆիզիկայի ոլորտում, հայտնի բժիշկներ ու մաթեմատիկոսներ, այլ նաև բասկետբոլիստներ ու ֆուտբոլիստներ: «Դյուկը» սկսեց տարեցտարի տաղանդավոր բասկետբոլիստներ աճեցնել, պատրաստի սուպերաստղեր ու հրաշամանուկներ ուղարկել դրաֆթ: Նրանցից շատերի անունը դուք վստահաբար լսել եք.

ՋԵՅՍՈՆ ԹԵՅԹՈՒՄ

ՔԱՅՐԻ ԻՐՎԻՆԳ

ԶԱՅՈՆ ՈՒԻԼՅԱՄՍՈՆ

«Դյուկի» համալսարանական թիմի շրջանավարտներից 56-ը ընտրվել է NBA-ի դրաֆթի առաջին ռաունդում: Վերջին 8 տարվա ընթացքում «Բլյու Դևիլսը» 17 ֆըրսթ-ռաունդեր է ուղարկել NBA, ընդ որում՝ առաջին համարով ընտրվել են նրանցից 5-ը:

Նմանատիպ սելեկցիան ու հաջողությունները համալսարանական լիգայում (NCAA) ուղիղ համեմատական են թիմի լեգենդար մարզիչ Մայք Կշիժևսկիի հետ: 1980 թվականին ստանձնելով «Դյուկ Բլյու Դևիլսի» մարզչական ղեկը՝ «Քոուչ Քեյը» 42 տարի աշխատեց Դարեմում, կրթեց, դաստիարակեց ու համաշխարհային ասպարեզ հանեց վերը թվարկված բասկետբոլիստներին: Կշիժևսկին ոչ միայն «Դյուկի», այլև համալսարանական բասկետբոլի լեգենդ է.

«Երբեմն մտածում եմ, թե որտեղ կլինեի, եթե չլսեի Քոուչ Քեյին, հաստատ ոչ բասկետբոլային մանրահատակին ու NBA-ում: Նա ոչ միայն գերտաղանդավոր ու խելացի մարզիչ էր, այլ նաև ֆանտաստիկ անձնավորություն, երկրորդ հայր բոլորիս համար: Միայն մտածեք, թե 42 տարիների ընթացքում նա քանի՜ սերունդ է կրթել ու ուղարկել հասուն կյանք: Անհավանական է...»
Քայրի Իրվինգ, «Դալաս Մավերիքսի» բասկետբոլիստ

Այս տարի էլ «Դյուկը» բասկետբոլային հասարակության ուշադրության կենտրոնում է: Թիմի բասկետբոլիստ Կուպեր Ֆլեգը հավակնում է 2025 թվականի դրաֆթի առաջին համարը դառնալուն, ինչպես նաև՝ 6-րդ «Կապույտ հրեշը», ով NBA կուղևորվի առաջին ընտրությամբ: Ֆլեգն ընթացիկ մրցաշրջանում միջինը 20 միավոր է վաստակում, տիրում է 8 անդրադարձի և կատարում է 4 ասիստ: Մի շարք թիմեր արդեն սկսել են «թենքինգը»՝ Ֆլեգին իրենց թիմ բերելու համար:

«ԿԵՆՏՈՒԿԻ»

Եթե «Դյուկը» կարելի է համարել բասկետբոլային հասարակության «Գրիֆինդորը», ապա «Սլիզերինի» կարգավիճակում վստահաբար «Կենտուկի Ուայլդքեթսն» է: Կենտուկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում տեղակայված համալսարանը հիմնադրվել է 1865 թվականին փաստաբան Ջոն Բոումենի կողմից: 

«Վայրի Կատուների» ֆուտբոլային ու բասկետբոլային թիմերն արդարացնում էին իրենց անվանումը: Կրքոտ ու վայրի ելույթ խաղադաշտում ու մանրահատակին, ոչ պակաս ագրեսիվ դրսևորումներ դրանցից դուրս:

«Ուայլդքեթսի» ու «Բլյու Դևիլսի» նմանությունը լեգենդար մարզիչն ունենալն է: «Կենտուկիի» Կժիշևսկին Ջոն Կալիպարին է: 66-ամյա մասնագետը 23 տարի աշխատեց թիմում մինչև «Արկանզաս» տեղափոխվելը: Նրա լեգենդար «Կենտուկին» 2012-ին 38-2 ցուցանիշը գրանցեց, դարձավ NCAA-ի հաղթող, իսկ թիմի առաջատար Էնթոնի Դևիսն ընտրվեց դրաֆթի առաջին համարով.

«Կենտուկիի» ուսումնական կյանքն ու Ջոն Կալիպարիի բասկետբոլային մեթոդիկան ամենից լավը նկարագրում են թիմի շրջանավարտ ու NBA-ի նախկին խաղացող Ջոն Ուոլի խոսքերը.

«Կալիպարին զիլ տղա էր, այո՛, նա 50-ն անց էր, մենք 18-ամյա փսլնքոտներ էինք, բայց նա մեզ հետ շփվում էր ինչպես տղամարդը տղամարդու հետ: Ասում էր, որ մանրահատակին պետք է տղամարդիկ խաղան, ոչնչացնեն մրցակցին: Հիշում եմ՝ մի անգամ կռվել էի ընկերուհուս հետ ու տրամադրություն չունեի: Քոուչ Կալին մոտեցավ ու ասաց. «Տղա՛ս, ինչո՞ւ ես նեղվել, դո՛ւրս արի մանարահատակ, ցո՛ւյց տուր՝ ինչի ես ընդունակ, ու նա առաջինը քեզ կզանգահարի...»

«ԿՈՆԵԿՏԻԿՈՒՏ»

Ժամանակակից, դինամիկ զարգացող ու Նահանգները նվաճող «Կոնեկտիկուտի» համալսարանական թիմը միակն է, որտեղ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց սպորտաձևերում թիմը հաջողում է միաժամանակ: «Կոնեկտիկուտում» ոչ միայն լավ բասկետբոլ են խաղում, այլ նաև գերազանց սովորում են: Եթե Ուոլը կամ Դևիսը միգուցե չէին փայլում իրենց գիտելիքներով, ապա «Հասքիսի» լեգենդ Ռեյ Ալենը, ֆանտաստիկ շութեր լինելուց բացի, համալսարանն ավարտեց հումանիտար գիտությունների բակալավրի կարգավիճակում: Այդուհանդերձ ճիշտ է, որ Ռեյն ավելի լավ կարողանում էր երեքմիավորանոց նետումներ կատարել.

Տարիներ են անցել, Ռեյ Ալենն արդեն վաղուց ավարտել է կարիերան, բայց Դեն Հառլին «Հասքիսի» հետ նոր պատմություն է կերտում: 2018 թվականին՝ «Ռոուդ Այլենդից» «Կոնեկտիկուտ» տեղափոխվելուց հետո, Հառլին հեղափոխեց համալսարանական բասկետբոլը՝ «Կոնեկտիկուտին» դարձնելով Նահանգների գլխավոր բասկետբոլային ուժը: 2 տարի անընդմեջ «Հասքիսը» դարձավ NCAA-ի հաղթող, Հառլին էլ հրաժարվեց «Լեյքերսը» գլխավորելու առաջարկից՝ պարզաբանելով.

«Ես այստեղ ավելի լավ եմ զգում, անավարտ գործեր ունեմ: Եվ, ընդհանրապես, համալսարանական բասկետբոլում աշխատելը լավագույն զգացողությունն է...»

Աթլետիկ խաղարկողներ ու դոմինանտ բիգմեններ. հենց այսպես կարելի է նկարագրել «Կոնեկտիկուտի» վերջին տարիների շրջանավարտներին: 2024 թվականի դրաֆթի 4-րդ համար Սթեֆոն Քեսլը հավակնում է «Հասքիսի» լավագույն շրջանավարտներից մեկը դառնալուն: Համալսարանում «Նոր Ռեյ Ալեն» մականունը ստացած Ջորդան Հոուքինսն էլ փորձում է հարմարվել «Նյու Օռլեանս Պելիկանսում»: Փորթլենդում էլ իր ուժերն է փորձում NCAA-ի ամենադոմինանտ բիգմեն Դոնովան Քլինգանը: Բոլորը միաձայն նշում են՝ Դեն Հառլին բասկետբոլիստի լավագույն կողմերը բացահայտելու անհավանական կարողություն ունի.

Ամերիկյան սպորտային համակարգը հեղափոխական է: Թվարկված համալսարաններն ու թիմերն այդ համակարգի միայն փոքրիկ մասն են: Բայց փազլն ամբողջական չի լինի, եթե բացակայի դրա մասնիկներից նույնիսկ մեկը:

Յուրաքանչյուր մարզիչ, մասնագետ ու դասախոս իր ներդրումն ունի ապագա սպորտային աստղերի դաստիարակման գործում:

Սթեֆ Քարի, Լեբրոն Ջեյմս, Ջեյսոն Թեյթում, Քևին Դյուրանտ. բոլոր այս բասկետբոլիստների հաջողության ակունքներում կանգնած են հաջողակ համալսարանն ու ճիշտ կրթությունը:

Հենց այդպես են ստեղծվում աստղերը «Տաղանդների դարբնոցներում»՝ Նահանգների համալսարաններում ու թիմերում...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ