Կապանի «Սյունիքը» պաշտոնապես հայտնել է, որ ևս մեկ տարի կխաղա Հայաստանի Առաջին խմբում և 2024/25 մրցաշրջանում հանդես չի գա Պրեմիեր լիգայում.
««Սյունիք» ֆուտբոլային ակումբը, թեպետ ՀՖՖ-ի կողմից ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կապանի «Լեռնագործ» ստադիոնը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին, իսկ «Սյունիքը» սկզբունքային դիրքորոշում ունի տնային հանդիպումներն անցկացնել բացառապես հարազատ մարզում՝ շեշտը դնելով տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման վրա, ակումբը որոշում է կայացրել եւս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։
«Սյունիք» ՖԱ ղեկավարությունը թիմի առաջ նպատակ է դրել գալիք մրցաշրջանն ավարտել առաջին հորիզոնականում և ոսկե մեդալներով տեղափոխվել Պրեմիեր լիգա»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի ավարտված առաջնությունում «Սյունիքը» 63 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը։ 74 միավորով չեմպիոն էր դարձել Կապանը ներկայացնող մեկ էլ այլ ակումբ` «Գանձասարը», որը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Պրեմիեր լիգայում։