Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Ամստերդամի «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին:
«Բոլոր ֆուտբոլիստները, որոնք խաղում ենք «Այաքսում», աճ են գրանցում և հետագայում հայտնվում են ավելի ուժեղ ակումբներում: Կարծում եմ, որ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստներից է, որը շատ բաների կարող է հասնել կարիերայում:
Նա պետք է որոշի՝ հեռանա՞լ, թե՞ ոչ: Սպերցյանը լավ է խաղում և՛ ակումբում, և՛ Հայաստանի հավաքականում: Նա միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է, դրա համար էլ կարծում եմ, որ նա կաճի և կկարողանա ամրապնդվել «Այաքսում»»,- Սյոմինի խոսքը մեջբերում է РБ Спорт-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» 8.5 + 2 միլիոն եվրո է առաջարկել «Կրասնոդարին»՝ Սպերցյանի տեղափոխության համար, ինչպես նաև՝ տրանսֆերի վերավաճառքից 10 տոկոս եկամուտ: «Կրասնոդարը» պահանջում է 10 միլիոն եվրո և հավելավճարներ:
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից։ 2022/23 մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 41 խաղի, խփել 14 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ նա 12 գոլային փոխանցմամբ դարձել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Սպերցյանը նաև ՌՊԼ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։ Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: