Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից, որտեղ մասնակցել էր Մ20 աշխարհի առաջնությանը և նվաճել մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ։
Աշխարհի երիտասարդական չեմպիոն դարձած Սուրեն Աղաջանյանը (60 կգ) լրագրողների հետ զրույցում ամփոփել է իր տպավորիչ ելույթը։
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Առաջին անգամ եմ դառնում աշխարհի չեմպիոն և, իրոք, չեմ կարող նկարագրել ոգևորությունը, հանգստությունը և առաջ շարժվելու ցանկությունը, որը կա իմ մեջ։
Հաղթանակի նպատակով էի մեկնել աշխարհի առաջնությանը, քանի որ նախորդ տարի ծանր պարտություն էի կրել եզրափակիչում: Այս աշխարհի առաջնությունն ինձ սովորեցրեց պայքարել մինչև վերջ:
Ամենաբարդ գոտեմարտը եզրափակիչն էր, բայց կառանձնացնեմ նաեւ վրացի ըմբիշի հետ գոտեմարտը: Շուրջ մեկ ամիս առաջ Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել էի վրացի ըմբիշին, քանի որ այնքան էլ լավ մարզավիճակում չէի: Այս անգամ արագ հաղթանակի հասա 9:0 հաշվով»,- նշել է Սուրեն Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ Սուրեն Աղաջանյանը եզրափակիչի ճանապարհին հաղթել էր իսպանացի (9-0), ադրբեջանցի (6-0), վրացի (9-0) ու ղրղզ (8-0) ըմբիշների, իսկ ոսկե մեդալի համար գոտեմարտում շանս չէր տվել Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին՝ 13-4: Գասպար Տերտերյանը (67 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վիգեն Նազարյանը (87 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ20 ԱԱ-ին մասնակցել էր 10 ըմբիշով ու թիմային հաշվարկում գրավել երրորդ տեղը։