Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում խորվաթական «Օսիեկում»: 21-ամյա ֆուտբոլիստը վերջին ամիսների ընթացքում ապաքինվում էր ծնկի վիրահատությունից հետո և առաջիկայում կրկին խաղաժամանակ կստանա:
FastNews-ը Ստյոպայի հետ զրուցել է Խորվաթիայում անցկացրած ժամանակահատվածի, վնասվածքի և այլ թեմաների մասին:
Ստյոպա, արդեն 3 ամիս է՝ ապաքինման փուլում ես: Ինչպե՞ս է անցնում վերականգնման ընթացքը, և ե՞րբ կվերադառնաս խաղադաշտ:
Սպասվածից մի փոքր երկար տևեց, քանի որ առաջին ամսվա ընթացքում փորձում էի առանց վիրահատության բուժվել: Բայց 1 ամիս հետո զգացի, որ դրական փոփոխություն չկա, ստիպված վիրահատության ենթարկվեցի: Հիմա շատ լավ եմ զգում և գրեթե վստահ եմ, որ հաջորդ խաղին մեկնարկային կազմում եմ լինելու:
«Օսիեկը» Խորվաթիայի առաջնությունում 5-րդ տեղում է: Ի՞նչ խնդիր է այս մրցաշրջանում դրված թիմի առջև:
Ճիշտ է, 5-րդ տեղում ենք, սակայն այնքան էլ հետ չենք առաջատարներից: Առաջնության ավարտին շատ ժամանակ կա, ու վստահ եմ, որ ավելի բարձր տեղում ենք այն ավարտելու: Խնդիը հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելն է:
Ամռանն ունեցաք նոր գլխավոր մարզիչ: Ի՞նչ կասես նրա հետ համատեղ աշխատանքի մասին: Կա տպավորություն, որ նա քեզ ավելի շատ է վստահում, քան նախորդ մարզիչը:
Շատ լավ մարդ է և պրոֆեսիոնալ մարզիչ: Ֆեդերիկո Կոպիտելիի գլխավորությամբ այնքան էլ լավ չմեկնարկեցինք, բայց դա տրամաբանական էր, քանի որ թիմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Որպես մարզիչ շատ է տպավորել: Ես էլ նրա գլխավորությամբ գրեթե միշտ խաղում էի, իսկ այն խաղերը, որոնք բաց էի թողնում, կրկին ցավերի պատճառով էին:
Արդեն երկրորդ մրցաշրջանն ես անցկացնում «Օսիեկում»: Ի՞նչ կասես քաղաքի և առհասարակ Խորվաթիայի մասին:
Նոր տեղափոխված ժամանակ էլ խաղաժամանակի խնդիր չունեի: Սակայն եղան խնդիրներ, և գլխավոր մարզիչն ու տնօրենը հեռացվեցին: Այդ ամենի պատճառով ինձ համար էլ բարդ շրջան ստացվեց: Բայց ես շարունակում էի պայքարել իմ տեղի և խաղաժամանակ ստանալու համար:
Օսիեկը շատ փոքր և հանգիստ քաղաք է: Խորվաթիան էլ շատ գեղեցիկ երկիր է: Մանավանդ ծովափնյա հատվածում գեղեցիկ բնակավայրերի պակաս չկա: Բայց ինձ համար ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ: Ճիշտ է, Օսիեկը մի փոքր տարբերվում է մյուս քաղաքներից, քանի որ պատերազմի միջով է անցել: Մեր քաղաքում մարդիկ ավելի հայրենասեր են:
Մի փոքր խոսենք Հայաստանի և Խորվաթիայի առաջնությունների տաբերությունների մասին:
Շատ տարբեր առաջնություններ են: Խորվաթիայում բոլոր թիմերը փորձում են խաղը կառուցել մանր և միջին փոխանցումներով: Տեխնիկա-տակտիկական առումով էլ աստեղ ավելի պատրաստված ֆուտբոլիստներ են խաղում: Չնայած դրան՝ Խորվաթիայում երիտասարդներին ավելի շատ են շանս տալիս: Բայց այստեղ միայն ուժեղագույն 3-4 թիմերն ունեն լավ ստադիոն, և մնացած թիմերը խնդիրների են բախվում այդ առումով:
Հայաստանի հավաքականի վերջին խաղերը բաց թողեցիր վնասվածքի պատճառով: Ինչպե՞ս կգնահատես այդ խաղերը: Ի՞նչը չհերիքեց ավելի լավ արդյունքներ գրանցելու համար:
Առաջին հավաքի ժամանակ թիմի կողքին էի, չնայած հնարավորություն չունեի խաղալու: Ցավոք, արդյունքներն իսկապես այդքան էլ լավ չստացվեցին, սակայն սա ֆուտբոլ է, և ամեն ինչ կարող է լինել: Ես հպարտ եմ մեր տղաներով, որովհետև մինչև վերջ պայքարում էին: Կարևորն այն է, որ դուրս ենք եկել փլեյ-օֆֆ, և ամեն ինչ դեռ առջևում է:
Անցումային խաղեր ենք անցկացնելու Վրաստանի հավաքականի հետ: Ինչպե՞ս ես գնահատում մեր շանսերը:
Հետևել եմ Վրաստանի հավաքականի հանդիպումներին: Որակապես և տակտիկապես շատ լավ թիմ է: Ազգային հավաքականների համար հեշտ խաղեր չեն լինում, քանի որ բոլորն էլ իրենց ազգն են ներկայացնում: Մենք էլ լավ թիմ ունենք ու բնականաբար միայն հաղթանակի համար ենք խաղալու:
Հետևո՞ւմ ես Fastex Պրեմիեր լիգային: Եթե այո, ի՞նչ կասես մրցակցության և առհասարակ ընթացքի մասին:
Իհարկե հետևում եմ: Հիմնականում ԲԿՄԱ-ի խաղերն եմ դիտում և շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա ակումբ, որը վստահում է հայ ֆուտբոլիստներին: Ուրախ եմ «Նոայի» համար, քանի որ ակումբը մեծ նվաճման հասավ և խաղում է Կոնֆերենցիաների լիգայում: «Նոան» շատ որակյալ ֆուտբոլ է խաղում, և առաջնության մակարդակը նույնպես բարձրացել է:
Շատ գովելի է, որ առաջնության մակարդակը տարեցտարի բարձրանում է և չի մնում նույն կետում: Միակ ցանկությունս այն է, որ ավելի շատ շանս ստանան հայ երիտասարդ ֆուտբոլիստները: Մեր առաջնությունում այժմ կա 4 շատ ուժեղ թիմ, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել առաջատար: Եվ այդ թիմերի միջև մինչև վերջ թեժ պայքար է լինելու չեմպիոնության համար: