Ռիգայում կայացած նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ ներկայացել էր խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որը խոսեց իր մարզավիճակի ու Լատվիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպման մասին։
«Հավաքականի երկու խաղերից հետո մեկ հանդիպում եմ անցկացրել եմ Խորվաթիայում, բայց լավ եմ զգում ինձ, ամեն ինչ նորմալ է։ Եկել ենք այստեղ միայն հաղթանակի համար, այլ միտք չունենք։ Թիմում ամեն ինչ լավ է, տրամադրությունը՝ նույնպես: Միայն մտածում ենք Գերմանիա գնալու մասին:
Լատվիան շատ լավ թիմ ունի, ֆիզիկապես ամուր հավաքական է: Նրանց կազմում շատ են բարձրահասակ ֆուտբոլիստները: Չեմ ուզում ասել, թե ով է ֆավորիտը վաղվա խաղում: Մենք հարգում ենք մրցակցին, բայց եկել ենք այստեղ հաղթանակի համար»,- նշեց Հայաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։ Այդ հանդիպումից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։