Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ, հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին, իսկ գերծանրքաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով չներկայացավ եզրափակիչ մենամարտին և նույնպես բավարարվեց արծաթով:
57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել էին կիսաեզրափակիչում և արժանացել բրոնզե մեդալի:
Այս մրցաշարով Հայաստանի հավաքականը նախապատրաստվում էր մայիսին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր էր մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։