1990-ականների սկզբին Սթենլի Կուբրիկը որոշում է նոր ֆիլմ նկարահանել: Իր վերջին ֆիլմը: «Լայն փակված աչքերով»/Eyes Wide Shut: Այս ֆիլմի գաղափարը ռեժիսորի մեջ արդեն 30 տարուց ավել խմորվում էր: 1960-ականներին նա ավստրիացի մի գրողի (Շմիցլեր) վեպ է կարդում և միանգամից գնում այն էկրանավորելու իրավունքները: Նա անմիջապես որոշում է սկսել նկարահանումները, բայց նրա կինը համոզում է չանել դա. «Սպասիր, մեր հարաբերություններն այնքա՜ն երիտասարդ են, մենք կարող ենք սպանել դրանց»:
Կուբրիկը լսում է կնոջը՝ ընդունելով, որ այս ֆիլմը կարող է լուրջ հոգեբանական ճգնաժամի հանգեցնել: Նա որոշում է չվտանգել սեփական սերը, այլ սպասել մի քանի տասնամյակ և իր հոգեբանական փորձերն անել այլոց սիրո վրա…
Թոմ Քրուզն ու Նիքոլ Քիդմանն ամուսնացել էին 1990 թ. և միանգամից ստանձնել Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգ տիտղոսը: Թոմն ու Նիքոլը հստակ որոշում էին կայացրել միասին երբեք չնկարահանվել նույն ֆիլմում: Բայց…

Սթենլի Կուբրիկն այնքան հայտնի և լեգենդար ռեժիսոր էր այս ժամանակ, որ նրա առաջարկը մերժելն անհնար էր: Նիքոլն ու Թոմը խախտելով իրենց՝ միասին չնկարահանվելու որոշումը, համաձայնում են դառնալ «Լայն փակված աչքերով» ֆիլմի գլխավոր հերոսները: Նրանք փասստորեն չունեցան Կուբրիկի կնոջ հեռատեսությունը կամ զգուշավորությունը, կամ էլ ավելի վատ էին ճանաչում խենթ ռեժիսորին ու նրա սցենարների կործանարար ուժը, կամ էլ չափազանց վստահ էին իրենց հարաբերությունների ամրության վրա: Վստա՞հ էին. իզուր:
Իսկ Կուբրիկը հատուկ էր ընտրել նրանց. իրեն այս ֆիլմի համար պետք էր ուժեղ, իրար սիրող զույգ, որը կփորձեր դիմանալ ֆիլմի հոգեբանական ճնշումներին, սիրահարներ, ովքեր կկարողանային իրենք իրենց բացահայտել ֆիլմով: Սթենլին ուզում էր խորը հոգեբանական փորձարկումներ անել: Եվ արեց:

Կուբրիկի օգնականներից մեկը ռեժիսորի մահվանից հետո խոստովանել է. «Քիդմանն ու Քրուզը, համաձայնելով ֆիլմում նկարահանվել, իրենց դատապարտեցին բաժանման»: Նրանք չգիտեին գուցե, որ Կուբրիկի տարերքն էր դոկումենտալիզմն ամեն ինչում, հատկապես՝ զանազան զգացողությունների և զգացմունքների էկրանավորման: Նա ֆիլմում սիրում էր կենդանի դրամաներ, կենդանի ապրումներ, լաց, կռիվ, սեքս, սեր. ամեն բան իրական ու կենդանի: Նա Նիքոլին և Թոմին ընտրեց՝ իրենց և բոլորին ցույց տալու, որ երջանիկ զույգեր չեն լինում, բոլորն էլ կռիվներ, ներքին լարվածություն և մութ կողմեր ունեն: Նա ապացուցեց բոլորին. հոգեբանական փորձությանը դիմանալ չի կարող ոչ ոք: Ապացուցեց հանճարեղ ռեժիսորը, բայց արժե՞ր:
Նկարահանումներն անցկացվում էին չափազանց գաղտնի, ոչ ոք ոչինչ չպիտի խոսեր ֆիլմի մասին նկարահանման տաղավարից դուրս: Ծերուկ Սթենլին և երիտասարդ Նիքոլը շատ արագ մտերմացան: Թոմն էլ խանդում էր շատ՝ պատմում են նկարահանման մասնակիցները: Սա ռեժիսորին անչափ դուր էր գալիս. իրեն Թոմի խանդը պետք էր ֆիլմին կենդանի էմոցիաներ ապահովելու համար: Ասում են, նա հետևում էր Թոմի տրամադրության վայրիվերումներին և նրան նկարում էր հենց լարված և նյարդային վիճակում: Ասում են նաև, որ ծերուկ հանճարը շատ լավ էր տեղյակ երիտասարդ զույգի ներքին խնդիրների և վեճերի մասին և հրաշալիորեն կարողանում էր օգտագործել իր իմացածն ընդդեմ զույգի և հօգուտ ֆիլմի:

2 տարի տևած նկարահանումներից հետո Թոմը վաստակել էր ստամոքսի խոց և խորը դեպրեսիա: Իսկ մամուլը լի էր այսպիսի վերնագրերով հոդվածներով. «Կուբրիկը Քրուզից պահանջել է վիրահատել հետույքը», «Կուբրիկը Քիդմանին անտաղանդ է համարում և ստիպում է 50-ից ավել դուբլ անել ամեն մի դրվագ ստանալու համար», «Թոմ Քրուզն ու Նիքոլ Քիդմանը դիմել է սեքսապատոլոգի օգնությանը՝ ֆիլմի վերջին տեսարանում նկարահանվելուց առաջ»: Թոմն անասելի նյարդայնանում էր և հերթով բոլորին դատի տալիս բամբասանքների համար: Իսկ Հոլիվուդում ասում էին, որ ինքը՝ սադիստ Կուբրիկն է նման լուրեր տարածում՝ ստիպելով Թոմին ավելի նյարդայնանալ: Գուցե…
Թոմն ու Նիքոլը բաժանվեցին. չդիմացան: Ֆիլմն էլ չհաջողվեց եկամտաբերության առումով: 64 մլն դոլարանոց բյուջեով «Լայն փակված աչքերը» հազիվ կարողացավ իր ծախսերը փակել: Բայց այս ամենը Կուբրիկը չիմացավ: Հազիվ վերջացնելով մոնտաժը՝ ռեժիսորը մահացավ:
Եվ իրականում նրան դժվար թե հետաքրքրեր ֆիլմի եկամուտը կամ թե ինչպես այն ընդունվեց: Իրեն դա չէր հետաքրքրում, ինքը ֆիլմ նկարելու պրոցեսն էր սիրում, ստեղծելը, երբեմն էլ՝ քանդելն էր իրեն գրավում, խելքահան անում:
Սթենլի Կուբրիկը ֆիլմեր նկարահանում էր ի՛ր համար: Եվ հենց այդ պատճառով դրանք դառնում էին բոլորինս:

