Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը տուգանվել է ղազախերենի մասին կատակի համար, հաղորդում է BaigeNews-ը։
Ռուսաստանցի մասնագետը կվճարի 738 400 տենգե (շուրջ 1500 դոլար)։
Միջադեպը տեղի էր ունեցել Սլովենիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի հանդիպումից հետո։ Հետխաղային ասուլիսի ժամանակ Փարիզ ՊՍԺ-ի մարզաշապիկով լրագրողը ղազախերեն հարց էր ուղղել Չերչեսովին, իսկ մարզիչը կատակով նշել էր․ «Դուք հիմա ֆրանսերե՞ն եք խոսում»։
Դրանից հետո Ղազախստանի զբոսաշրջության ու սպորտի նախարարությունը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել էր բացատրել մարզիչի վարքը։
Հիշեցնենք, որ Ստանիսլավ Չերչեսովն այս տարվա հունիսից է գլխավորում Ղազախստանի հավաքականը։