Հունահռոմեական ոճի ըմբիշներ, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) և Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը (97 կգ) Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած համաշխարհային վարկանիշային մրցաշարում դուրս եկան եզրափակիչ և նվաճեցին Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մնացականյանը կիսաեզրափակիչում 1-1 հաշիվը գրանցեց չինացի Ռուի Լյուի հետ։ Հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ վերջին միավորը նա էր վաստակել: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Բուլղարիայի ներկայացուցիչը հաղթել է լիտվացի Պաուլուս Գալկինասին և հունգարացի Ժոլտան Լևային:
Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ Փարիզ-2024-ի ուղեգիր էր նվաճել Եվրոպայի եռակի և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Նույն քաշային կարգում Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանը:
Ռուսաստանցի Արթուր Սարգսյանն էլ 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց գերմանացի Լուկաս Լազոգիանիսին: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը հայ ըմբիշը հաղթել է ուկրաինացի Վլադեն Կոզիլյուկին, շվեյցարացի Վլադեն Կոզիլյուկին և ավստրիացի Մարկուս Ռագինգերին:
Այս քաշային կարգում էլ Հայաստանի հավաքականից նախորդ տարի Փարիզ-2024-ի ուղեգիր էր նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) Ստամբուլի մրցաշարում ավարտել են պայքարը՝ չնվաճելով օլիմպիական ուղեգիր:
Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական 54 ուղեգրի համար:
Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից բացի Ամոյանից և Ալեքսանյանից, ուղեգիր ունի նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ):
Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Ստամբուլ. Հայ ըմբիշների առաջին մրցակիցները վարկանիշային մրցաշարում