Սեպտեմբերի 5-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ լեգենդար մարմնամարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Բացի բազմաթիվ տիտղոսներից, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոնություններից, Ազարյանը մարմնամարզության մեջ մտել է որպես յուրահատուկ տարրի` «Ազարյանական խաչի» հեղինակ. դասական երկաթյա խաչ դիրքում մարզիկը ձեռքերը կողք պարզած թեքում է իրանը քառորդ պտույտով:
VNews-ը ներկայացնում է 5 հետաքրքիր փաստ «Ազարյանական խաչի» մասին։
Ստեղծվել է պատահական
Լեգենդար վարժությունն ունի ոչ պակաս լեգենդար ստեղծման պատմություն: 1953թ. ԽՍՀՄ թիմային առաջնության ժամանակ մրցավարներն օղակների վրա վարժության կատարման համար ցածր գնահատականներ էին տալիս հայ մարմնամարզիկներին, ու երբ հավաքականի մարզիչը մոտենում ու հարցնում է պատճառը, մրցավարները նշում են, որ մարզիկները «Երկաթե խաչ» վարժությունը 3 վայրկյանից քիչ են պահել: Բարկացած Ալբերտ Ազարյանն իր ելույթի ժամանակ այդ վարժությունը կատարելիս շրջվում է դեպի մրցավարների մի խումբը և հարցնում` բավակա՞ն է: Այնուհետև շրջվում է մյուս կողմ ու տալիս նույն հարցը` այդ ամենն անելով ուղիղ խաչը պահած դիրքով: Մրցավարները ցածր են գնահատում ելույթը, նույնիսկ ուզում են որակազրկել մարզիկին, քանի որ մրցավարների հետ զրույցն արգելված էր: Հայաստանի հավաքականը երրորդ տեղից նահանջում է 5-րդ: Սակայն մրցավարներից մեկը հասկանում է` ինչ է կատարվել, խոսում է Ազարյանի հետ ու խնդրում, որ նա այդ հնարքը կատարի նաև միջազգային մրցումների ժամանակ:
Կատարվել է Oլիմպիական խաղերում
Առաջին անգամ որպես լիարժեք վարժություն Ազարյանը կատարում է 1956թ. Օլիմպիական խաղերում: Նոր հնարքը ստանում է Ազարյանական խաչ կամ օլիմպիական խաչ անվանումը: Մելբուրնի հանդիսատեսը շունչը պահած նայում էր, թե ինչպես էր Օղակների արքան էլեգանտ ժպիտով բարձրանում օդում, իրարից հեռու տանում թևերը, ուղիղ պահում խաչը, ու հանկարծ. քառորդ պտույտ կատարում դեպի աջ, հետո` դեպի ձախ: Նույնիսկ նրա մրցակիցներն ընդգծում էին վարժության գեղեցկությունն ու մարդկային անհավանական ուժը: Չորս տարի անց Ազարյանը կրկնում է վարժությունը Օլիմպիական խաղերում, բայց ոչ լիարժեք` թեքվելով միայն աջ:
Մասամբ կրկնվել է իր որդու կողմից
«Ազարյանական խաչը» պաշտոնական մրցումներում հազվադեպ է հանդիպել: Վարժության կատարումն անհավանական ուժ է պահանջել, բայց գնահատվել է ցածր բարդությամբ` ինչպես սովորական խաչը, և ոչ ոք չի ցանկացել ռիսկի դիմել: 1980-ին Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ «Ազարյանական խաչը» նորից կատարել է Ազարյան ազգանունով մարմնամարզիկը` որդի Էդուարդը: Վերջինս դարձավ օլիմպիական չեմպիոն թիմային մրցումներում, օղակների վրա էլ կատարեց իր հոր անունով տարրը, բայց նորից կիսատ` միայն աջ պտույտով: 1991-ին էլ տարրը կատարել է գերմանացի մարմնամարզիկ Անդրեաս Ագիլարը, բայց նորից միայն աջ պտույտով: Ինքը` Ալբերտ Ազարյանը, նշում էր, որ ոչ ոք, նույնիսկ՝ իր որդին, չի կարողացել ճիշտ կատարել վարժությունը:
Այժմ արգելված է
Պաշտոնական մրցումներում «Ազարյանական խաչի» կիրառումն այսօր արգելված է, այն համարվում է վտանգավոր առողջության համար: Մասնագետները գտել են, որ վարժության ընթացքում ուսի վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է, բացի այդ, մեծ ծանրաբեռնվածության տակ է լինում մեջքը:
Ազարյանի խաչը հաճախ շփոթում են Երկաթե խաչի հետ
Հաճախ «Ազարյանական խաչ» ասելով մարդիկ հասկանում են սովորական «Երկաթյա խաչը», երբ մարզիկը ձեռքերը տարածած կողք ուղիղ կախված է օղակներից: Նույնիսկ Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքն է «Ազարյանական խաչին» այդ բնորոշումը տալիս, ինչը կոպիտ սխալ է: Միգուցե այդ սխալը գալիս է նրանից, որ Ազարյանի անունով ևս մեկ տարր կա օղակների վարժությունում, երբ մարզիկը պտույտով անցնում է Երկաթյա խաչ դիրքի, ու մարմնամարզության մեկնաբանները հաճախ են մրցումների ժամանակ օգտագործում Ազարյանի պտույտ բառակապակցությունը: