Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է թիմի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Ցլերի» մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում Սպերցյանը շրջանցել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին ու նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսենգունին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է ևս 3 միլիոն եվրոյով: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 9 միլիոն եվրո:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք խաղացողների հնգյակում դեռ մնում են միայն երկրի գործող չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ներկայացուցիչները՝ Մալկոմը (22 միլիոն եվրո), Վիլմար Բարիոսը (20 միլիոն եվրո), Վենդելը (19 միլիոն եվրո), Կլաուդինյոն (18 միլիոն եվրո) և Դուգլաս Սանտոսը (16 միլիոն եվրո):
Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։


