Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի մասին.
««Կրասնոդարը» խաղից խաղ ավելացնում է։ Մրցաշրջանի մեկնարկը բարդ ստացվեց, բայց մենք ոչ մի պարտություն չենք կրել։ Դա մեծ առավելություն է։ Թիմը համախմբվեց և կարողացավ հաջողության հասնել։
Չեմ կարող ասել, թե ինչն էր մրցաշրջանը վատ սկսելու պատճառը։ Մրցաշրջանի սկիզբը միշտ դժվար է լինում, քանի որ դրանից առաջ եղել է դադար։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում շատ ուժեղ թիմեր կան և բոլորի հետ խաղալն էլ բարդ է»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
«Կրանսոդարը» Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 7 խաղից հետո 15 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որը հավաքել է 17 միավոր։
Հիշեցնենք, որ 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին», իսկ Էդուարդ Սպերցյանը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը՝ խփելով առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում։