Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում կատարեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ:
Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի ասիստից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփեց խաղի միակ գոլը: Կորդոբան 25-ամյա հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո շարժվեց առաջ, տեղափոխվեց կենտրոն և մոտ 20 մետրից տպավորիչ հարվածով գրավեց մոսկովյան թիմի դարպասը:
Ի դեպ, Սպերցյանն ասիստ էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի վերջին տուրի խաղում: Այդ մրցավեճում հայ կիսապաշտպանը նաև գոլ էր խփել, «Կրասնոդարը» հաղթել էր 3-0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դարձել Ռուսաստանի չեմպիոն:
«Կրասնոդարի» պատմության մեջ, բացի Սպերցյանից, ՌՊԼ չորս խաղ անընդմեջ գոլային փոխանցում են կատարել նաև Պավել Մամաևը (2016) և Ժոաոզինյոն (2012/13):
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը երեք խաղից հետո 6 միավորով երրորդն է:


