Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով՝ գնդակն ուղարկելով ուղիղ վերին անկյունը»,- ընդգծում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում էր կատարել «Սոչիի» դեմ խաղում (5-1): Նա ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող: Էդուարդը խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև WhoScored-ի վարկածով: Հեղինակավոր վիճակագրական ռեսուրսը հայ կիսապաշտպանի խաղը 10 հնարավորից գնահատել էր 9,7 միավոր: Սպերցյանն ընդգրկվել է նաև այս աղբյուրի վարկածով ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Էդուարդ Սպերցյանը 5 խաղից հետո Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 3 գոլով և 4 գոլային փոխանցումով:
Դրանից բացի, Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում տուգանայինից խփած գոլերի քանակը հասցրել է 7-ի և ամենաարդյունավետն է այդ ցուցանիշով՝ սկսած այն պահից (2009թ.), երբ Opta-ն վիճակագրում է տվյալները:
Կարդացեք նաև՝

