Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի ավելի լավ ակումբ, քան Չեմպիոնշիփում խաղացող անգլիական «Սաութհեմփթոնն» է, հայտնում է Матч ТВ-ն:
«Կարծում եմ՝ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի մակարդակի թիմ չէ: Նա պետք է տեղափոխվի թոփ ակումբ: Նայեք, թե որքան տեխնիկապես է նա խաղում, ինչպես է իրացնում տուգանային հարվածները. կարծես ձեռքով նետի գնդակը: Նա վարպետ է, և նրան պետք է բաց թողնել, քանի որ նա ուզում է հեռանալ: Թեպետ, հավանաբար, «Կրասնոդարը» կզղջա նրա հեռանալու համար»,- ասել է Գրիշինը:
Ավելի վաղ ռուսական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Արշավինը, խոսելով Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հավանական տրանսֆերի մասին, ասել էր, որ «Անգլիան մնում է Անգլիա, և «Սաութհեմփթոնը» նորմալ թիմ է»:
«Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել էր Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից (5-1) հետո, որտեղ հայ ֆուտբոլիստը գրանցել էր դուբլ, նաև մեկ գոլային փոխանցում: Սպերցյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հավանական գործարքին անդրադարձել էր նաև «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը. «Նախ և առաջ, նա ոչ մի տեղ դեռ չի գնացել: Նրա ապագան իր ձեռքերում է: Իհարկե, մենք ուզում ենք, որ նա մնա ու երկար ժամանակ խաղա այստեղ»:
Օգոստոսի 17-ին հայտնի էր դարձել, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է կատարել «Կրասնոդարին»:
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ու «Կրասնոդարի» պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը:
Կարդացեք նաև՝


