Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Նիդերլանդներում, հայտնում է «РБ Спорт»-ը։
Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍՎ Էյնդհովենը»։ Հոլանդական ակումբի ներկայացուցիչներն արդեն շփվել են հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։
ՊՍՎ-ի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոյին փոխարինող: Ավելի վաղ Նիդերլանդների հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել էր անգլիական «Լիվերպուլ»:
Հաղորդվում է նաև, որ Սպերցյանը չի նախատեսում հունվարին հեռանալ «Կրասնոդարից»:
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 խաղ, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Ավելի վաղ նա ճանաչվել էր «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ: