Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Դավիդ Մանասեն չի կարծում, որ ֆուտբոլիստն ամռանը կհեռանա ռուսական «Կրասնոդարից»:
«Առաջին անգամ եմ լսում, որ Էդուարդը կհեռանա «Կրասնոդարից»: Նա պայմանագիր ունի։ Չեմ կարծում, որ Սպերցյանը կհեռանա ակումբից»,- Դավիդ Մանասեի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ամռանը կհեռանա ռուսական ակումբից և կարիերան կշարունակի իտալական կամ գերմանական ակումբներից մեկում:
22-ամյա Սպերցյանը հայտնել էր, որ եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերն ասեկոսեներ են:
Տեղեկություններ կային նաև այն մասին, որ կիսապաշտպանի խաղին հետևում են գերմանական «Բայերի», «Ֆրայբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սկաուտները: Նշվում էր նաև, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: