Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականն ընտրելու, իտալական «Ինտերի» աստղ Հենրիխ Մխիթարյանին հանդիպելու և ազգային թիմի նախկին մարզիչ Խոակին Կապառոսի մասին:
Հայաստանի հավաքականն ընտրելու, Մխիթարյանին հանդիպելու մասին
«Հավաքականն ու ակումբը լրիվ տարբեր զգացողություններ են, ազգային թիմում ես առաջին անգամ բախվեցի մի իրավիճակի, երբ ամբողջ երկիրը ցավում է մեզ համար։ Դիմադրության մակարդակները նույնպես տարբեր են, հավաքականում խաղացել եմ Գյունդոգանի, Մյուլերի, Մոդրիչի դեմ։
Հավաքականի շնորհիվ հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին։ Հենրիխն ասում էր՝ «Միշտ լսիր քո սրտին»: Սրտիս ձայնը լսելով՝ ընտրեցի Հայաստանի հավաքականը: Սա իմ ընտրությունն է, ես դրա մասին չեմ էլ խոսել ծնողներիս հետ։ Եվ ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»:
Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի մասին
«Մինչև վերջերս Հայաստանի հավաքականը մարզում էր Խոակին Կապառոսը, որն իսպանական «Սևիլիայի» ղեկին երկու անգամ անընդմեջ նվաճել էր ՈւԵՖԱ-ի գավաթը: Կապառոսը բազմաթիվ պատմություններ է պատմել այդ թիմի մասին։ Օրինակ՝ Սերխիո Ռամոսի մասին։ Կապառոսն ասում էր, որ Ռամոսն առաջինն էր ամենուր՝ խաղադաշտում, հանդերձարանում, գիշերային ակումբում, և մենք նույնպես պետք է ձգտեք միշտ լինել առաջինը»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի մարտի 31-ից է հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական: Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 13 հանդիպման է մասնակցել ազգային թիմի կազմում, դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: